Բաժիններ՝

«Սպայկա»-ի հրդեհը կարող է վնասել գյուղմթերումներին. հարցը քննարկվել է կառավարությունում

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» ընկերության շենքերից մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ էր ստացել։ Պատասխանելով «Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը» հարցին, ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ իրոք հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։
Այնուհետև դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։ «Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ համապատասխան լուծում կտրվի խնդրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս