Հրանտ Բագրատյանը՝ գազի գնի բարձրացման հետևանքների մասին
ՀՀ նախկին վարչապետ, 2013 թ-ին ՀՀ նախագահի թեկնածու և Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ գազի գնի բարձրացումը շատ խիստ բացասական ազդեցություն կունենա ժողովրդի կենսամակարդակի վրա: Այն նախ և առաջ կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
«Դա կարող է ազդել նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա, մյուս ապրանքների վրա, դա կթանկացնի հանքարդյունաբերությունը, կկրճատի արտահանման պոտենցիալը»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Հրանտ Բագրատյանը:
Վերջինիս համոզմամբ՝ ներկայացված 64 տոկոսի չափով բարձրացում հաստատ չի լինի, դա իշխանությունների ձեռագիրն է՝ սկզբում ներկայացնել ավելի բարձր տոկոսներ, հետո փոքր-ինչ նվազեցնել, որպեսզի այսպիսով մեղմվի հանրության զայրույթը:
«Հայտը ներկայացված է 64 տոկոսով, այն հաշվարկով են գրել, որ հանձնաժողովը մի քիչ ավելի քիչ բարձրացնի, որ ներկայացնեն այսպես՝ «շնորհիվ մեր հերոսական աշխատանքի՝ ավելի քիչ բարձրացավ, կամ ՀՀ ղեկավարությունը խառնվեց, տեսեք ինչ արեցին»: Մի խոսքով դա հայտնի տեխնոլոգիա է՝ թանկացման հայտնի տեխնոլոգիա: Գազի գնի թանկացումը էներգետիկ ծախսերը ՀՆԱ-ում կավելացնի մոտավորապես 4-5 տոկոսով: Այսինքն մենք այդ 4-5 տոկոսը ինչ-որ տեղից պիտի խնայենք, որ կարողանանք պոկել-տալ ժողովրդին, կամ որ նույնն է՝ բյուջեի մոտ 20 տոկոսը: Թանկացման ընդհանուր մասշտաբը կարող է կազմել 50-100 մլրդ դրամ»:
Աղքատության այս ֆոնին, ըստ Հ. Բագրատյանի, արդյունքը սարսափելի կլինի: Նրա խոսքերով՝ մարդիկ այսօր սոված են, իսկ վաղը ավելի շատերը կքաղցեն: Եվ այն, որ երեկ Աբովյանում «սոված» ժողովրդի պահվածքը որակել են որպես «բոշայություն» կամ բովանդակություն, ըստ Բագրատյանի, ոչ այլ ինչ է, քան ինքնապաշտպանական բնազդ: «Մարդիկ սոված են, և ուրեմն սոված մարդու մեջ խոսում է իր ինքնապաշտպանական բնազդը, բնականաբար որևէ ձևով դատապարտել ես սխալ եմ համարում: Պետք է դատապարտել նրանց, ովքեր ժողովրդին այդ վիճակին են հասցրել»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը: