Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է հրաժարվել iPad-ից
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սկսել է նշումներ կատարել ոչ թե iPad-ում, այլ նոթատետրում, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ ինքը խաղում է: Այս մասին Մեդվեդևը ասել է, Սանկտ Պետերբուրգում՝ միջազգային իրավական ֆորումի ժամանակ, հայտնում է «Ռիա Նովստին»:
«Ես ձեռքով եմ գրել, որպեսզի որևէ կասկած չլինի, որ լսել եմ իմ գործընկերներին»,- ասել է վարչապետը: Նա ավելացրել է նաև, որ ֆորումի նախորդ հանդիպման ժամանակ օգտագործել է iPad, որից հետո իրեն հանդիմանել են, այն բանի համար, որ ինքը «խաղացել է ամբողջ ֆորումի ժամանակ»:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևի սերը Apple ընկերության սարքերի նկատմամբ վաղուց է հայտնի: Առաջին iPad պլանշետը նրա մոտ հայտնվել է 2010թվականի գարնանը: Այդ ժամանակ Մեդվեդևը, Ռուսաստանի նախկին նախագահը, նշել էր, որ նրանք, ովքեր փորձում են փակ լինել տեխնոլոգիաների համար, սխալ են գործում և իրենց զրկում են հաճույքից: Այդ տարի Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսն անձամբ Մեդվեդևին նվիրեց iPhone 4՝ ԱՄՆ-ում սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսից մեկ օր առաջ: 2011թվականին Comedy Club-ի ներկայացուցիչները Մեդվեդևին նվիրեցին iPad 2` իրենց կատակերգական շոուի բոլոր թողարկումներով: