Ժամանակն է փոխել արագությունը. ԱՄՀ կոչը՝ ՀՀ կառավարությանը
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան հանդես են եկել համատեղ հոդվածով: Նրանք մի շարք խորհուրդներ են տալիս ՀՀ կառավարությանը: Հոդվածը ներկայացված է ստորև:
Անկախությունից ի վեր Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել միմյանց հաջորդող կառավարությունների ջանքերի շնորհիվ: Վաղուց անցել են էլեկտրաէներգիայի խիստ պակասուրդի, բարձր գնաճի և շարունակական տնտեսական անկման օրերը: Ետևում են մնացել այն օրերը, երբ հայերը չէին կարող գտնել խանութներում այն, ինչ անհրաժեշտ էր, կամ երբ նրանք կորցնում էին իրենց խնայողությունները բանկերում: Անցել են նաև այն օրերը, երբ ոմանք մտածում էին, որ համաշխարհային ճգնաժամը տարիների վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը: Հիմա նոր կառավարությունը ժառանգում է աճող տնտեսություն, որն ապահովում է ավելի լավ վարձատրվող աշխատատեղեր, ավելի լավ ենթակառուցվածք և կայուն գներ, ժառանգում է մի երկիր՝ բազմազան արտադրատեսակներով և տարաբնույթ ծառայություններով և խնայողությունների և փոխառությունների համար կայուն ֆինանսական համակարգով:
Այդուհանդերձ, նոր կառավարությունը կբախվի նաև լուրջ մարտահրավերների` պայմանավորված դեռևս չափազանց բարձր գործազրկությամբ, աղքատությամբ և արտագաղթով: Հայերը հայտնի են որպես լավ կրթված և ձեռներեց ժողովուրդ, որոնք շատ լավ են դրսևորել իրենց այն երկրներում, ուր արտագաղթել են: Այս հաջողությունը արտասահմանում առաջացնում է առանցքային մի հարց. ի՞նչ կարելի է ավելի լավ անել երկրի ներսում, որպեսզի ավելի մեծ թվով հայեր մեծ հաջողությունների հասնեն հենց Հայաստանում:
Հայաստանի մեկուսացված աշխարհագրական դիրքը լուրջ արգելք է, հատկապես` ներքին շուկայի փոքր լինելու պայմաններում: Այս արգելքի վերացումը պետք է առաջնահերթ լինի: Աշխարհագրությունը փոխել հնարավոր չէ, սակայն կարելի է մեղմել դրա ազդեցությունը. պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով երկրները չեն դատապարտվում տնտեսական միջակության: Հայաստանի մեկուսացումը պահանջում է կիրառել ավելի լավ քաղաքականություն, որի անքակտելի մասն են կազմում ազատ առևտրի համաձայնագրերը, ենթակառուցվածքի վերազինումը, ավիացիայի համակարգի բարեփոխումը և հարևանների հետ կապերի ստեղծմանն ուղղված հետագա դիվանագիտական ջանքերը:
Հայաստանը երկար ճանապարհ է անցել, իրականացնելով հաջողության հասած այլ անցումային երկրներում կիրառված բարեփոխումները: Անարդյունավետ պետական ընկերությունները վաղուց մասնավորեցվել են, երաշխավորելով ավելի լավ ծառայություններ և ավելի խելամիտ գներ: Թանկ և անարդյունավետ սուբսիդիաները վերացվել են, և ներդրվել են առավել խոցելի խավերին ուղված նպատակային պաշտպանության համակարգեր: Արտաքին առևտուրն ազատականացվել է. սպառողները հնարավորություն ունեն օգտվելու էժան և զանազան ապրանքներից և ծառայություններից, արտադրողների համար հասանելի են Հայաստանում հետագա վերամշակման և արտադրության համար անհհրաժեշտ հումքանյութերը: Արդյունավետ կերպով իրականացվող դրամավարկային քաղաքականությունն օգնել է պահպանել գնաճի ցածր մակարդակը: Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է կայունացնել տնտեսությունը, երբ Հայաստանը պայքարում էր ցնցումների դեմ; իսկ պետական պարտքը կայուն է: Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում կապահովեն արժանապատիվ ծերություն` միաժամանակ կրճատելով կենսաթոշակային ծախսերի հետ կապված հարկաբյուջետային ռիսկերը: Նոր օրենսդրությունն օգնել է ձևավորել աշխատող շուկայական տնտեսություն:
Սակայն օրակարգը այսքանով չի սպառվում: Հարկավոր են հետագա, հավակնոտ միջոցառումներ՝ խթանելու համար տնտեսական աճի գլխավոր շարժիչը հանդիսացող մասնավոր ներդրումները: Մասնավորապես, շատ բան է հարկավոր անել՝ պաշտպանելու համար ներդրողների`շահույթ վաստակելու արդարացի իրավունքները: Դեռևս համատարած են այնպիսի իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար, կամ տնտեսվարող սուբյեկտները ունենում են շահույթների անարդարացի կորուստներ: Քանի դեռ չկան վճռական քաղաքականություն և պատշաճ շարժառիթներ ռիսկ ստանձնելու համար, չեն լինի բավարար ներդրումներ, աշխատատեղեր կամ հույս Հայաստանի ապագայի նկատմամբ:
Բացի այդ` պետությունը պետք է լինի ավելի արդյունավետ: Այն չունի բավարար միջոցներ՝ նյութապես բարելավելու համար այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, ճանապարհներն ու էներգիայի արտադրությունը: Կառավարությունը պետք է ավելին անի հարկեր հավաքելու համար. որոշակի հարկեր, օրինակ ակցիզային հարկերը, միջազգայինի համեմատ ցածր են, չափազանց ցածր է նաև որոշ ընկերություններից և ոլորտներից հավաքագրվող հարկերի մակարդակը: Կառավարությունը նաև պետք է անի ավելին՝ ապահովելու համար իր ծախսերի արդյունավետությունը, թափանցիկությունը և հասցեականությունը: Այն պետք է շարունակի նաև ապահովել, որ պետական միջոցները չօգտագործվեն վատ կառավարվող մասնավոր ընկերությունները փրկելու համար:
Նոր կառավարությունը՝ թարմ քաղաքական կապիտալով և հորիզոնում չունենալով ընտրություններ, պետք է գործի այս օրակարգի իրականացման ուղղությամբ: Մեր կարծիքով, աստիճանական մոտեցումն արդեն սպառել է իրեն: Եթե փոփոխությունները չլինեն արագ և խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն: Արագ և համապարփակ իրականացված վճռական փոփոխությունները պետք է համոզեն հայերին և արտաքին աշխարհին, որ հասարակությունը պարգևատրում է նրանց, ովքեր շատ են աշխատում, լայնախոհ են և օգտագործում են հնարավորությունները, այլ ոչ թե նրանց, ում լավագույն ակտիվը արտոնյալ կապերն են: Հայ աշխատավորները, կառավարիչները, ուսանողներն ու թոշակառուները՝ բոլոր հայերը, պետք է գիտակցեն, որ խաղի կանոնները անաչառ են, բաց և նպատակաուղված են ապահովել լավագույն լուծումներ շարքային հայերի համար. նրանք պետք է կարողանան հավատալ, որ պետությունը գործընկեր է, այլ ոչ թե հակառակորդ կամ ամրագրված շահագրգիռ կողմերի շահերի պաշտպան:
Նման դրամատիկ փոփոխությունները չեն իրականանում կրքոտ հռետորության արդյունքում կամ քաղաքականության դանդաղ և աստիճանական փոփոխությունների արդյունքում. դրանք պահանջում են արմատապես վերափոխող ռազմավարություն՝ հստակ ազդանշաններով, որ որոշ վարքագծեր այլևս չեն հանդուրժվելու հայ հասարակությունում: Այդ փոփոխությունները կարող են ազատ արձակել հայ ժողովրդի ողջ ներուժը:
Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:
Civilnet.am