
ԱՄՆ պետդեպարտամենտը ցնցվել է սիրիացի ապստամբների դաժանությունից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանն է հայտնել իր անհանգստությունը՝ կապված համացանցում տարածված մի տեսանյութի:
Դրանում երևում է, թե ինչպես է սիրիացի ապստամբների ջոկատներից մեկի հրամանատարը դանակով կտրում և դուրս է հանում կառավարական ուժերի սպանված զինվորի սիրտը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը.
«Մենք ցնցված ենք այդ տեսանյութից: Մենք հստակ հայտարարում ենք, որ (Սիրիայում) հակամարտող բոլոր կողմերը պետք է հետևեն հումանիտար ոլորտում միջազգային օրենսդրությանը:
ԱՄՆ-ն այդ հարցը բարձրացրել է սիրիական ընդդիմության առջև՝ ի դեմս «Գերագույն ռազմական խորհրդի», ով իր հերթին մեզ վստահեցրել է, որ իրենք չեն աջակցում այդօրինակ գործողություններին, և որ դա բնորոշ չէ զինված ընդդիմության մեծ մասին»:
Վենտրելը հավելել է, որ տեսանյութում պատկերված հրամանատարին արդեն իսկ վտարել են «Գերագույն ռազմական խորհրդի» կազմից՝ ցուցաբերած դաժանության համար: