Սիրիայում յուրաքանչյուր երեխայի և կնոջ զոհվելու պատասխանատուն Էրդողանն է. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքի պայթյունների և Սիրիայում շարունակվող արյունահեղության հետ.

«Տասնյակ երեխաներ զոհվեցին Ռեյհանլըում: Քո երկրում զոհվում են քո քաղաքացիները, քո երեխաները: Մարդ պետք է մի փոքր խիղճ ունենա: Սիրիայում տեղի ունեցածը տեսնում է յուրաքանչյուր ոք, իսկ դու Թուրքիայում արգելք ես դրել հեռարձակման վրա:

Մեր 51 քաղաքացիների զոհվելու պատասխանատուն վարչապետ Ռեջեփ Էրդողանն է: Դու նախ ԱՄՆ ես գնում, հետո նոր՝ Հաթայ: Ռեջե՛փ Թայյիփ Էրդողան, դու չես սիրում քո երկիրը, չես սիրում քո ազգը: Ենթակա մարդուց հայրենասեր դուրս չի գա:

Ռեյհանլըում խաղարկվեց աշխարհի խաղը, դու աղետ դարձար տեղի քաղաքացիների համար: Օտար հատուկ ծառայությունների գործակալները վխտում են Հաթայում: Ասադին մեղադրելը հեշտ է, պետք է պահպանել սահմանը: Սիրիայում յուրաքանչյուր երեխայի և կնոջ զոհվելու պատասխանատուն Ռեջեփ Թայյիփ Էրդողանն է»:

Տեսանյութեր

Լրահոս