
Ռուսաստանը կասեցրել է իր տարածքով ադրբեջանական նավթի տարանցումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը դադարեցնում են «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով, Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման մասին պայմանագրի գործունեությունը, որը գործել է 1996 թվականից:
Համապատասխան հրամանը մայիսի 5-ին ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է Ադրբեջանին իրազեկել 1996 թվականի հունվարի 18-ին կնքված պայմանագրի գործունեության դադարեցման մասին, որով նախատեսվում էր տարեկան 5 միլիոն տոննա ադրբեջանական նավթի փոխադրում՝ 1 տոննայի դիմաց 15.67 դոլար սակագնով:
Ռուսական կողմը գտնում է, որ Ադրբեջանը չի կատարել այդ պայմանագրով իր պարտավորությունները: «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղը գործում է 1997 թվականի հոկտեմբերի 25-ից:
Հիշեցնենք, որ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով ադրբեջանական նավթի փոխադրմանը մեծ վնաս հասցրեց 2006 թվականին շահագործման հանձնված «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը, որով ադրբեջանական նավթը հասցվեց Միջերկրական ծով: