Ռիչարդ Կիրակոսյան. Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է

«Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը ևս մի կորսված հնարավորություն էր իշխանությունների համար` ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարության զարգացման և այս անընդունելի ընտրախախտումներին վերջ տալու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրությունների մասին:

Փորձագետը հատկանշական համարեց այն փաստը, որ չնայած այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի փոքր մասշտաբներ ունեին, դրանք ավելի վատ անցկացվեցին, ընտրախախտումներն ավելի կոպիտ էին, ավելի ակնհայտ և ավելի անընդունելի:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Ռ.Կիրակոսյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը կորցրեցին հերթական հնարավորությունը` հաղթահարելու սեփական ինքնահավանությունը և միավորվելու, և այդ պատճառով «պատժվեցին ընտրողների կողմից»:

«Ընդհանուր առմամբ` կարող ենք փաստել, որ այս ընտրությունները պարտություն էին ընդդիմության համար, որը ի վիճակի չեղավ առաջ բերել հստակ այլընտրանք, այսինքն` ընդդիմությունը չկարողացավ միավորվել: Բայց նույնիսկ առանձին-առանձին նրանք, օրինակ` Դաշնակցությունը, չկարողացան հետաքրքրություն առաջացնել ընտրողների շրջանում: Սա ընտրություն էր` առանց հաղթողների, և բոլորն էլ պարտվեցին. պարտվեցին և´ քաղաքացիները, և´ կուսակցությունները»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Կարդացեք նաև

Մատնանշելով ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությանն աջակցող տարրերի և օլիգարխների անընդունելի պահվածքը` փորձագետը նշեց, որ նախորդ ընտրությունների նկատմամբ ավագանու ընտրությունների տարբերությունն այն է, որ դրանք «հատեցին համբերության բոլոր սահմանները, և ևս մի այսպիսի ընտրություններ անցկացնելն արդեն չափից ավելին կլինի»:

Սակայն միաժամանակ նա կարծիք հայտնեց, թե որոշ հանգամանքներում դրանք կարող են դառնալ Հայաստանի վերջին ոչ ազատ և ոչ արդար ընտրությունները:

«Որոշ հանգամանքների առկայության դեպքում սրանք կարող են դառնալ Հայաստանի վերջին կեղծված ընտրությունները, որովհետև նախագահ Սարգսյանը, որպես քաղաքական էլիտա, գտնվում է անցումային և անկումային վիճակում, նա վերջին մոհիկանն է: Հաջորդ ընտրությունները կձևավորեն նոր քաղաքական վերնախավ»,- ասաց Ռ.Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, ըստ պաշտոնապես հրապարակված արդյունքների,  շուրջ 55 տոկոս արդյունքով հաղթեց իշխող Հանրապետական կուսակցությունը, որը կրկին մեծամասնություն կկազմի Երևանի նոր ավագանիում:  Իսկ ոչ իշխանական ուժերից ընտրական շեմը կարողացան հաղթահարել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Բարև, Երևան»դաշինքը, որոնք ստացան ընտրողների ձայների համապատասխանաբար  շուրջ 23  և 8,5 տոկոսը:

Ռիչարդ Կիրակոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս