Նեթանյահուն պլանավորել է մեկնել Ռուսաստան՝ Պուտինի հետ Սիրիայի հարցը քննարկելու համար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է ժամանել Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին այսօր հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ պլանավորվում է այդպիսի այց, որի ժամկետը գտնվում է ճշգրտման փուլում: Միևնույն ժամանակ դիվանագիտական շրջանակներում գործակալության ունեցած աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը վարչապետը հուսով է Սոչի այցելել հաջորդ շաբաթվա սկզբին: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ այցը ներկայումս գտնվում է նախապատրաստման ակտիվ փուլում:
Իսրայելական Haaretz թերթը, վկայակոչելով կառավարության պաշտոնական անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ Նեթանյահուն պլանավորել է Պուտինի հետ քննարկել Սիրիային ռուսական զենքի և հատկապես С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը:
Պուտինն ու Նեթանյահուն Սիրիայում ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մայիսի 6-ին, երբ տեղեկատվություն հայտնվեց, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: «Ծանր» որակված այդ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը խոստացել է ոչ ոքի թույլ չտալ գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Բացի այդ, Պուտինը Նեթանյահուին իրազեկել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս Սիրիային է հատկացնելու С-300 հակաօդային պաշտպանության համալիրներ և Искандер տիպի հրթիռներ:
Ռուսական մամուլը Պուտինի ու Նեթանյահուի հետ այդ խոսակցությունը նմանեցրել է Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև նախորդ տարվա աշնանը գրանցված խոսակցությանը: Ի դեպ, Էրդողանը նույնպես դատապարտել է Սիրիային Իսրայելի հարվածելը.
«Դամասկոսին ուղղված ավիահարվածներն անթույլատրելի են: Իսրայելական կողմը չունի իր այդ գործողության խելամիտ պարզաբանում: Բացի այդ, Իսրայելը դրանով իսկ Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս որևէ պատասխանատվություն չկրել Սիրիայի ներսում սպանությունների համար»: