Ժողովրդական դեղատոմսեր անգինայից բուժվելու համար
Անգինան կամ կոկորդի բորբոքումը հաճախ հանդիպող հիվանդություններից է: Օդում առկա բակտերիաներից, վիրուսներից և փոշու մասնիկներից գրգռվելով՝ կոկորդը հաճախ է խոցելի դառնում անգինայի նկատմամբ: Օդի աղտոտվածությունն օրեցօր ավելացնում է անգինայով տառապող հիվանդների քանակը: Անգինայի նշաններից է կոկորդի այրող ցավի զգացումը, որը դժվարացնում է կլման գործընթացը: Կլման և խոսելու անխուսափելի ցավն անհարմարություններ է առաջացնում բոլորի համար:
Անգինայի նախանշանները
Տենդ և գլխացավ: Եթե հարբուխի պատճառով առաջանում է գլխացավ և տենդ, դա կարող է լինել անգինայի առաջացման նախանշաններից մեկը:
Հոդացավ: Հոդացավը և մկանային ցավը ֆարինգիտի հետևանքով առաջացող թուլություն է:
Մաշկի ցան: Քութեշի հետևանքով առաջանում է մաշկի ցան և թարախային անգինա:
Լիմֆադենոպատիա: Կոկորդի մեջ առկա բորբոքումները նպաստում են լիմֆատիկ գեղձերի մեծացմանը:
Բարդացումները կարող են ներառել ականջների ինֆեկցիաները, մաստոիդիտները, սինուսիտը, պարատոնզիլար թարախուտը և սովորական թարախուտը:
Անգինայի առաջացման պատճառները
Անգինան առաջանում է ըմպանում բակտերիայի կամ վիրուսի ինֆեկցիայի գործունեության հետևանքով: Դրանից կոկորդում առաջ են գալիս բորբոքային պրոցեսներ:
Վիրուսային ինֆեկցիաներ
Վիրուսային ինֆեկցիաները, ինչպես, օրինակ՝ հարբուխը և գրիպը, անգինայի առաջացման պատճառ են հանդիսանում: Վիրուսներից շատերը կոկորդում և բերանի խոռոչում առաջացնում են բշտիկներ: Կոկսակի ինֆեկցիայից և մոնոնուկլեոզից նույնպես կարող է անգինա առաջանալ:
Բակտերային ինֆեկցիաներ
Բակտերային ինֆեկցիաները, ինչպես, օրինակ՝ ստրեպտոկոկը և արկանոբակտերիում հեմոլիտիկումը (Arcanobacterium heamolyticum) անգինայի առաջացման պատասխանատուներն են: Հաճախ բակտերային ինֆեկցիաները բորբոքային պրոցեսներ են առաջացնում նշիկներում, ադենոիդներում, մակակոկորդում, կոկորդի ներքին հատվածում, որն էլ անգինայի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում:
Գաստրոէզոֆագելյան ռեֆլյուկսիա (Gastroesophageal reflux)
Բխկոցները ստամոքսից կարող են ստամոքսաթթուն հասցնել մինչև կերակրափող, որի հետևանքով էլ վնասվում է կոկորդի ներքին հատվածը` առաջացնելով անգինա:
Սեռական ճանապարհով փոխանցվեղ հիվանդություններ
Որոշ դեպքերում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները նույնպես անգինայի պատճառ կարող են հանդիսանալ: Հայտնի է, որ սեռավարակներից գոնորեան և խլամիդիան նպաստում են անգինայի առաջացմանը:
Գրգռիչներ
Ծխելը, աղտոտվածությունը, սննդային ալերգիան և ցածր խոնավությունը գրգռում են կոկորդը և անգինայի համար բարենպաստ պայմաններ ստեղծում:
Թերապևտիկ բարդացումներ
Որոշ դեպքերում թերապիաներից, ինչպես, օրինակ` քիմիաթերապիայից և ճառագայթումից, բորբոքվում է կոկորդը, և անգինան պատրաստ է:
Անգինա և սուր ֆարինգիտ
Սուր ֆարինգիտը կամ կոկորդի ստրեպտոկոկյան բորբոքումն անգինայի կամ կոկորդի մեջ առկա ինֆեկցիայի հետևանքով են առաջանում երեխաների մոտ՝ 5-15 տարեկան հասակում: Սուր ֆարինգիտի առաջացման պատճառն A խմբի ստրեպտոկոկի բակտերիան է: Սուր ֆարինգիտը բորբոքում է նշագեղձերը, կոկորդը և ըմպանը, իսկ անգինան միայն ըմպանում է առաջացնում բորբոքային պրոցեսներ: Սուր ֆարինգիտի նշաններից է տենդը, մեծացած լիմֆատիկ գեղձերը, նշագեղձերը: Նշագեղձերի վրա հայտնվում են նաև սպիտակ կամ դեղին բծեր: Սուր ֆարինգիտն առաջ է բերում ռևմատիզմ, թարախային անգինա, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Հակաբիոտիկներն օգնում են սուր ֆարինգիտի դեպքում, իսկ ահա սովորական անգինայի դեպքում խորհուրդ չի տրվում հակաբիոտիկներ օգտագործել:
Անգինայի դեպքում ժողովրդական դեղատոմսերն առաջարկում են հետևյալ դեղամիջոցները.
Կոկորդի ողողում
Անգինայի դեմ արդյունավետ պայքարի ձև է կոկորդի ողողումները: Կես թեյի գդալ աղը լուծեք մեկ բաժակ տաք ջրում: Խառնեք լուծույթը, ողողեք կոկորդը և դուրս թքեք լուծույթը: Կրկենք այս պրոցեդուրան օրը 4 անգամ: Աղը հանդես է գալիս որպես մեղմ հակասեպտիկ, որը ջուրը հեռացնում է լորձաթաղանթից և մաքրում լորձը: Այն նաև ամրացնում է իմունային համակարգը: Աղի փոխարեն կարող եք օգտագործել սոդայով լուծույթ նույն չափաքանակով:
Սխտոր
Սխտորը շատ տարածված ժողովրդական դեղամիջոց է հարբուխը բուժելու համար: Չորացած սխտորն ունի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ, որոնք պայքարում են հարուցիչների դեմ: Սխտորը նաև բուժում է անգինան, պարզապես պետք է մի քանի պճեղ սխտոր ուտել:
Վերցրեք կես թեյի գդալ մեղր և վրան քամեք լիմոն, ավելացրեք մեկ պտղունց պղպեղ և քիչ -քիչ կուլ տվեք: Այս դեղամիջոցն ունի հանգստացնող ազդեցություն կոկորդի վրա:
Ինհալյացիա
Անգինայի բուժմանն օգնում է նաև ինհալյացիայի պրոցեդուրան. Կռացեք տաք ջրով լի թասի վրա և խորը քաշեք գոլորշին: Կարող եք բաց թողնել տաք ջուրը, կռանալ լվացարանակոնքին, գլուխը ծածկել սրբիչով և շնչել տաք գոլորշին: Ամեն օր կատարեք այս պրոցեդուրան 10-15 րոպե: Սա ամբողջությամբ կմաքրի կոկորդը:
Սննդարար սնունդ
Առողջ և վիտամիններով հարուստ սննդակարգը շատ կարևոր է իմունիտետը բարձրացնելու և, հետևաբար, անգինան արագ բուժելու համար: Կարևոր է սննդակարգում ընդգրկել վիտամիններ C-ով և E-ով, հանքանյութերից` ցինկով և մագնեզիումով հարուստ սնունդ: Իսկ իմունիտետն արագ բարձրացնելուն նպաստում են բրոկկոլին, գազարը և ծաղկակաղամբը: Ճիշտ սնունդը վերացնում է օրգանիզմի թուլությունը և նպաստում արագ ապաքինմանը:
Մեղր
Անգինան ուղեկցվում է տենդով, որը ջրազրկման է ենթարկում օրգանիզմը: Այս ընթացքում կարևոր է օգտագործել հեղուկներ, որպեսզի ապահովենք օրգանիզմը ջրի համապատասխան քանակով: Մեղրը հայտնի է՝ որպես անգինայի դեմ հիանալի դեղամիջոց: Այն ունի հակաբակտերիալ հատկություններ, հեռացնում է բորբոքված հյուսվածքներում կուտակված ջուրը: Մեղրը նվազեցնում է կոկորդի դիսկոմֆորտը, բորբոքային պրոցեսները: Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծեք մեկ ճաշի գդալ մեղր, ըմպեք այն որոշ ժամանակ, մինչև թեթևություն զգաք:
Դարչին
Դարչինն ունի հակաբորբոքային հատկություններ: Անգինայի բուժման համար օգտակար է ըմպել հետևյալ լուծույթը` մեկ բաժակ ջրին ավելացրեք փոշիացրած դարչին, 2ճ/գ մեղր, մեկ պտղունց աղացած պղպեղ և եռացրեք: Այս լուծույթը կթեթևացնի բորբոքային պրոցեսները և արագ կբուժի անգինան:
Սև պղպեղ
Անգինան թեթևացնում է նաև հետևյալ լուծույթը` վերցրեք մեկ թեյի գդալ աղացած սև պղպեղ, խառնեք այն մեկ մեծ բաժակ կաթի հետ և վաղ առավոտյան, նախաճաշից առաջ ըմպեք: Այս պրոցեդուրան կրկնեք մի քանի օր, մինչև որ կոկորդի շրջանում թեթևացում զգաք: Եթե չեք ցանկանում սև պղպեղը խառնել կաթին և խմել, ապա կարող եք նույն չափաքանակով պղպեղն ավելացնել մեկ մեծ բաժակ տաք ջրին և կոկորդի ողողումներ կատարել առավոտյան: Հիշեցնենք, որ սա անգինան հաղթահարելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է:
Ռեհան
Ռեհանի մի քանի տերև ավելացրեք ջրին և եռացրեք: Օրվա ընթացքում մի քանի անգամ խմեք այս հեղուկը, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:
Կոճապղպեղ (իմբիր)
Կոճապղպեղը նույնպես կարող եք օգտագործել անգինայի դեմ դեղամիջոց պատրաստելու համար:
Լիմոնը, կոճապղպեղը և մեղրը խառնեք տաք ջրին ու խմեք մի քանի օր:
Ինչից խուսափել
Չծխել: Անգինայի ընթացքում հակացուցված է ծխելը, քանի որ այն վատթարացնում է կոկորդի պատերի դրությունը: Ծուխն ավելի է գրգռում կոկորդը և բարդացնում անգինան:
Չծամել ծխախոտի համով մաստակներ: Ծխախոտին փոխարինող մաստակները նույնպես գրգռում են կոկորդի պատերը, ուստի խորհուրդ չի տրվում անգինայի ժամանակ ծամել դրանք:
Չօգտագործել ալկոհոլային խմիչքներ: Կա մի տարածված վարկած, ըստ որի՝ ալկոհոլը թեթևացնում է անգինան, սակայն իրականում ալկոհոլը չորացնում է հյուսվածքները և վատթարացնում առողջական վիճակը:
Խնայեք ձայնը: Անգինայի դեպքում խորհուրդ է տրվում խնայել ձայնը: Սա հանգստացնում է կոկորդը և նպաստում արագ ապաքինմանը:
Խուսափեք տապակած և կծու սննդամթերքից, փոխարենը՝ օգտագործեք հեղուկներ և ավելի փափուկ մթերքներ: Անգինայի դեպքում կարող եք, հաճելին զուգակցելով օգտակարի հետ. որպես դեղամիջոց օգտագործել նաև պաղպաղակը, որն անզգայացնում և թեթևացնում է կոկորդի բորբոքվածությունը: Եթե անգինան տևում է մեկ շաբաթ և ավելի, ապա դիմեք բժշկի:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ