ԲՀԿ-ի բարոյական և ՀԱԿ-ի իրական հաղթանակի մասին
Թեև ԲՀԿ-ն Երևանի ավագանիում չստացավ մեծամասնություն, և Երևանի քաղաքապետը չի լինի ԲՀԿ ներկայացուցիչ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ում բավարարված չեն ընտրության արդյունքներով և դա համարում են պարտություն:
Ընդհակառակը, ԲՀԿ-ական որոշ շրջանակներ համարում են, որ, չնայած իրենց չհաջողվեց հաղթել ՀՀԿ-ին, սակայն երկրորդ տեղն էլ կարելի է պատվավոր համարել: Եթե համարենք, որ ԲՀԿ-ն պայքարում էր ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղի համար, ԲՀԿ-ի ստացած արդյունքն իսկապես հաղթական կարելի է համարել: Թեկուզ բարոյական հաղթանակ` այն իմաստով, որ փաստ է՝ ԲՀԿ-ն պարտվել է: Իսկ որ ԲՀԿ-ն պայքարում էր հենց այս արդյունքի համար, կարելի է դատել այս կուսակցությունում տիրող որոշակի տրամադրություններից:
Նման բան մտածելու առաջին փաստարկն այն է, որ որոշ ԲՀԿ-ականներ ոչ հրապարակայնորեն ասում են, որ սա կարելի է հաջողություն համարել, քանի որ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ստացավ ավելի շատ ձայն, քան ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և «Առաքելությունը»` միասին վերցրած: Բայց ԲՀԿ-ականները երբեք դրա մասին հրապարակայնորեն չեն հայտարարի, քանի որ դրանով կընդունեն, որ իրենց մրցակիցն ընտրություններում ոչ թե ՀՀԿ-ն էր, այլ վերոնշյալ քաղաքական ուժերը, կամ ավելի որոշակի` «Ժառանգությունը», որը նախագահական ընտրություններից հետո ընդդիմության մեջ առաջնորդ լինելու հայտ էր ներկայացրել:
Նման արդյունքը նշանակում է, որ ԲՀԿ-ն իր օգտին է լուծել ընդդիմության առաջատարը լինելու հարցը՝ ցույց տալով իր ակնհայտ գերազանցությունը «Ժառանգության» նկատմամբ: Հիմա մյուս ընդդիմադիրները, ուզեն թե չուզեն, պետք է համախմբվեն ԲՀԿ առանցքի շուրջը, քանի որ ընտրություններից առաջ ԲՀԿ-ն հանդես էր եկել նման պլատֆորմով: Խոսքը, իհարկե, այն ուժերի մասին է, ովքեր ԲՀԿ-ին համարում են ընդդիմադիր, իսկ այդպիսիք հայաստանյան իրականության մեջ գոյություն ունեն: ԲՀԿ ներկայացուցիչները համարում են, որ ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոսը պատահականություն էր, ոչ թե օրինաչափություն: Իսկ այդ պատահականությունը տեղի ունեցավ ընդամենն այն պատճառով, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածու չառաջադրեց:
Ընդհակառակը` ընտրությունների արդյունքներով փաստվեց, որ ԲՀԿ-ն ունի կայուն ընտրազանգված: 2009թ. Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ստացել է 89 հազար քվե, իսկ այս ընտրություններում` 100 հազարի չափ: Սա հիմք է տալիս ԲՀԿ-ականներին` պնդել, որ իրենց կուսակցության հեղինակությունն աճել է:
Ճիշտ է, մանդատների թիվը մնացել է նույնը՝ 17, բայց դա միայն այն պատճառով, որ ընտրացուցակներն այս չորս տարվա ընթացքում ավելի են ուռճացվել, և 11 հազար ավելի քվեն չի բերել մանդատների թվի ավելացման: Այս ընտրություններում ստացած արդյունքի հետ համեմատած` ավելի շատ ձայն ԲՀԿ-ն ստացել է միայն 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում` ԲՀԿ-ն Երևանի 13 ընտրատեղամասերում ստացել էր 124 հազար ձայն, բայց ԲՀԿ-ականներն օբյեկտիվորեն վերլուծելով իրավիճակը` հասկանում են, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելը որոշակի հիասթափություն է առաջացրել ընտրողների շրջանում:
ԲՀԿ-ականները հասկանում են նաև, որ հոգեբանորեն շատ կարևոր է տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ գոնե հաջողություն ընկալելը և ներկայացնելը, քանի որ պարտվողների թիմում մշտապես խուճապ է սկսվում, որը հանգեցնում է այդ թիմի փլուզմանը: Դրա համար ԲՀԿ-ում սկսել են խոսել, որ այս արդյունքները շատ լավ նախապայման են` համախմբելու ընդդիմությանը և նախապատրաստվելու 2017թ. խորհրդարանական ու 2018թ. նախագահական ընտրություններին, որոնց արդյունքում իրենց հաղթանակը կլինի ոչ թե բարոյական, այլ իրական:
Իսկ ինչո՞ւ ենք համարում, որ, եթե ԲՀԿ-ի հաղթանակը բարոյական էր, ապա ՀԱԿ-ինը` իրական, այն դեպքում, երբ ՀԱԿ-ը չկարողացավ ստանալ նվազագույն շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ 6 տոկոսը և նույնիսկ հաջողության հասնել իր մոտակա հակառակորդ «Ժառանգության» նկատմամբ, որը կրկնակի ավելի շատ քվե ստացավ ՀԱԿ-ից: Իրականում ՀԱԿ-ը կարողացավ հասնել նրան, որ «Ժառանգությունը» ջախջախիչ հարված ստացավ ԲՀԿ-ից: Դրանում ՀԱԿ-ի դերակատարումը զգալի է:
ՀԱԿ-ն ընտրություններին իր մասնակցությամբ հասավ նրան, որ ԲՀԿ-ն գրեթե եռակի ավելի ձայն տարավ «Ժառանգությունից» և հիմա կարող է իրեն համարել ընդդիմության անվիճելի առաջնորդ: Դա տեղի ունեցավ ոչ միայն ԲՀԿ-ի գործունեության արդյունքում, այլ նաև` ՀԱԿ-ի, և, ինչո՞ւ չէ, նաև ՀՅԴ-ի` ընտրություններին մասնակցելու արդյունքում:
ՀԱԿ-ին ձայն տվեցին այն ընտրողները, որոնք ոչ մի դեպքում ձայն չէին տա ԲՀԿ-ին, քանի որ ՀԱԿ-ի ընտրողները, ի տարբերություն այդ կուսակցության ղեկավարության` ԲՀԿ-ին չեն համարում ընդդիմություն: Նրանք ընտրության գնալու դեպքում քվեարկելու էին, ինչ- որ իմաստով, ավելի ընդդիմադիր կամ առնվազն իշխանության կողմից ավելի քիչ վերահսկելի «Ժառանգության» օգտին: Այդ դեպքում ԲՀԿ-ի և «Ժառանգության» տարբերությունը կլիներ ավելի փոքր, իսկ ԲՀԿ-ի՝ ընդդիմության առաջնորդ լինելու հավակնությունները` ոչ այնքան ակնհայտ: Իսկ հիմա ԲՀԿ-ն կարող է ասել, որ իր առանցքի շուրջ պտտվող կուսակցությունների հետ ունի 30 տոկոսի չափ հանրային աջակցություն և պետք է միանշանակ ճանաչվի ընդդիմության առաջնորդ:
Իհարկե, կլինեն այդ թեզը վիճարկողներ, ու «Ժառանգությունը» և այլ կուսակցություններ կհայտարարեն, որ իրական ընդդիմությունն իրենք են, իսկ ԲՀԿ-ն` կեղծ: ԲՀԿ-ականները նրանց կկապեն իշխանության և Սերժ Սարգսյանի հետ, հայտարարելով, որ նրանք պատվեր են կատարում՝ հարվածելով ԲՀԿ-ի անբասիր հեղինակությանը:
Հավանաբար` առաջիկա չորս տարիներին հենց այսպիսին կլինի հայաստանյան ներքաղաքական կյանքի օրակարգը, և հենց այս հարցի շուրջ թեժ ու անզիջում պայքար կծավալվի: Ընդդիմության առաջնորդի հաջորդ եզրափակիչը, ինչպես օլիմպիական խաղերի դեպքում, կլինի չորս տարի հետո:
«168 ԺԱՄ»