Րաֆֆի Հովհաննիսյանը կլոր սեղանի է հրավիրում «ԲՀԿ հոգևոր հորն ու անգամ գործող ապօրինի նախկին նախագահ պարոն Սարգսյանին»
«Ես միշտ եղել եմ հավաքական ուժի ու պատասխանատվության կողմնակից: Ես առաջարկում եմ Հայաստանի ժողովրդին, քաղաքացիական հասարակությանը, անկախ մտավորականներին, երիտասարդներին ու քաղաքական ուժերին, եթե ամեն մեկն ուզում է դուրս գալ իր սեփական ու հավաքական պարտությունից. ժամը եկել է, որ միասին օրակարգ ձևավորենք ու իրականացնենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ շարունակություն է ունենալու «Նոր Հայաստան» շարժումը:
Նա նշեց, որ մեկ ամիս առաջ ժողովրդական հաղթանակի, պայքարի «հանգրվանային կետին» եղան ամենատարբեր քննադատությունները, մեկնաբանությունները, բայց հայ ժողովուրդը փետրվարի 18-ին հայտարարեց, որ չի հավատում այս կամ այն կուսակցությանը, վերլածաբանին ու գնում է իր ճանապարհով.
«Հիմա այս հարցը ես վերադարձնում եմ հայ ժողովրդին՝ պատրա՞ստ եք ձեր ճանապարհով գնալ՝ առանց մարգարեների, առանց պայծառատեսների: Առաջնորդներ, ուղեկիցներ պետք են՝ չեմ ժխտում: Բայց մենք հասել ենք այն խաչմերուկին, որտեղ, իմ կարծիքով, բոլորս պետք է մտածենք սերնդափոխության մասին: Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրատենք մեր Հանրապետությունը նոր սերնդի համար: Ես պատրաստ եմ դրան: Ես տասն օր անց հրավիրում եմ հերթական կլոր սեղանն ու հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն առաջնորդվում արարողակագրով՝ գրավոր կամ բանավոր հրավերով, կներկայանան ու կներկայացնեն իրենց տեսակետը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պետք է շարունակել աշխատանքը, որովհետև եթե այսպես շարունակվի՝ հինգ տարի անց շատ ավելի վատ վիճակում ենք լինելու, քան այսօր: Ըստ նրա՝ պետք է դադարեցնել մեղադրանքները միմյանց հասցեին, «բարձր և ցածր» գնահատականներ չհնչեցնել, և «այս ազգը՝ գուցե ի հեճուկս մեզ դարձնել պետություն»:
Հարցին, թե Ձեր հրավերը վերաբերում է նաև ԲՀԿ-ի՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ պետք է այս վիճակից դուրս գալ, դա վերաբերում է բոլորին և անգամ «ԲՀԿ հոգևոր հորն ու անգամ գործող ապօրինի նախկին նախագահ պարոն Սարգսյանին»: