ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:
Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության մասին:
Մինչեւ անցյալ հարյուրամյակի վերջի ազգային ազատագրական պայքարի զարթոնքը ունեինք պատերազմի վետերանների մեկ սերունդ՝ ի դեմս Երկրորդ համաշխարհային ու Հայրենական պատերազմի մասնակից մեր հերոս հայրերի ու պապերի: 20-րդ դարի ութսունականների ավարտին ծնունդ առավ վետերանների երկրորդ սերունդը՝ հանձինս արցախյան ազատամարտի հաղթողների, ովքեր կրկնեցին իրենց ավագ սերնդակիցների հերոսությունը եւ կրկին փաստեցին հայոց բազկի ու մտքի ուժի անպարտելիությունը: Պատերազմ չցանկանալով՝ նրանք բոլորն էլ մարտնչում էին հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի եւ հանուն խաղաղության, ինչի գագաթնակետը դարձավ Շուշիի ազատագրումը:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր հաղթական ձեռքբերումները, երեկվա ու այսօրվա հերոսների անձնազոհության ու նվիրումի բոլոր դրսեւորումները, նրանց հիշատակներն ու կենդանի օրինակները մեզ մղում են նոր հաղթանակների: Կրկին շնորհավորում եմ այս փառավոր տոնի առթիվ՝ վստահ ու համոզված, որ միասին հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ»: