Խաչատուր Սուքիասյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի նմանությունների և Տիգրան Սարգսյանի մասին
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությանը, որտեղ նա համեմատություններ է անցկացնում իր և գործարար Գագիկ Ծառուկյանի միջև, ասել է. «Ընդհանրապես նմանություն չեմ տեսնում (Գագիկ Ծառուկյանի հետ:- խմբ.): Առաջին նախագահն իրավունք ունի կարծիք հայտնելու, ունի համապատասխան հարաբերություններ, տեղեկություն՝ ես դա չունեմ»:
Դիտարկմանը, թե Դուք փաստորեն առաջին օլիգարխն եք, նա պատասխանել է. «Ես դեմ չեմ, նայած Դուք ինչպես եք պատկերացնում՝ իշխանություններին մոտ կանգնած… Այն ժամանակ խնդիրներ շատ կային ՀՀ-ում՝ նոր էր անկախացել, շրջափակում, պատերազմական ժամանակահատված էր, այդ ժամանակվա օլիգարխ ասվածը շատ անհասկանալի է, թե ինչ էր նշանակում, որովհետև քաղաքական համակարգն այնպիսին էր՝ մեկը մյուսին վերահսկում էին: Շատ քաոսային վիճակ էր: Իրենց մոտ կար տպավորություն, որ մենք հնարավորություն ունեցող ընտանիք ենք: 100 կողմից հարվածներ էինք ստանում, ճնշումներ կային մեզ վրա՝ փամփուշի համար, չգիտեմ ինչի համար»:
Դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո Ձեր դիրքերը թուլացան, Խ. Սուքիասյանն ասել է. «Երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, ինձ զանգահարեց Ալիկ Հարությունյանը, ասաց, որ մենք ճշտել ենք, որ դուք խնդիր չունեք, ու ես այդ ժամանակ Փարիզում էի՝ վերադարձա Հայաստան»:
Հարցին, թե ինչո՞ւ 2008թ. կանգնեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ինչի՞ց էիք դժգոհ, եթե Ձեզ որևէ մեկը չէր խանգարում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Որովհետև ես ունեի իմ տեսլականը, պատկերացումը՝ ինչ կարգի երկիր պետք է ունենանք: Ասում էին՝ 10 տարի հետո Սինգապուրին մոտ լինենք: Ես հասկացա, որ հակակշիռ էր պետք»:
Խոսելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին, Խ. Սուքիասյանն ասել է, թե ամբողջ ներկապնակում Տ. Սարգսյանի նման «դպրոց, փորձ ունեցող մարդ չկա»: «Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Էս երկրի ամեն մի հատվածից տեղհակ է: Տնտեսական ճգնաժամի տարիներ եղան, բայց այն, որ ինքը լավ բարեփոխիչ է՝ բոլորս լավ գիտենք»: