Նազիկ Ավդալյանը բալիկի է սպասում
2012-ի ամռանն ամուսնացած ծանրամարտի` Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը բալիկի է սպասում: Esyes.am-ի հետ զրույցում Նազիկը հաստատել է, որ պատրաստվում է մայր դառնալ և նշել, որ հղիության 11-րդ շաբաթում է:
«Երեխայի սեռը դեռ պարզ չէ, սակայն ինչպես նշել էինք հարսանիքից հետո, մեկս աղջիկ է ուզում, մյուսս` տղա, բայց ամենակարևորն այն է, որ առողջ բալիկ ունենանք,- ասել է Նազիկն ու ավելացրել, որ բժիշկների խոսքերով` ինքը կկարողանա նորմալ հղիություն տանել ու առողջ բալիկ ունենալ: «Բժիշկների հավաստմամբ` մեջքիս խնդիրները չեն խանգարի հղիության ընթացքում, այժմ էլ շատ լավ եմ ինձ զգում»,- ասել է Նազիկը:
Հիշեցնենք, որ մարզիկ ամուսինները` Նազիկն ու Էրիկը, հարսանիքից հետո նշում էին, որ դեռևս չեն պատրաստվում բալիկ ունենալ, ինչը կապված էր Նազիկի առողջական վիճակի հետ:
Նազիկը նշել է, որ բալիկ ունենալու լուրն առաջինն ամուսնուն է հայտնել, ով սկզբում չի հավատացել: «Մինչև հստակ իմանալը, Էրիկին ասում էի, որ հղի եմ: Երբ հարցնում էր` արդյոք ճիշտ եմ ասում, նշում էի, որ կատակում եմ: Իսկ երբ հստակ իմացա, որ բալիկ ենք ունենալու ու ասացի նրան, չհավատաց. անսպասելի էր: Շատ հայրիկների նման նա էլ ուրախացավ ու հուզվեց»,- անկեղծացել է աշխարհի չեմպիոն ապագա մայրիկը:
Նազիկն ու Էրիկը դեռ չեն որոշել իրենց առաջնեկի անունը: Նազիկն ասել է, որ դեռ ժամանակ ունեն և երեխայի սեռը պարզելուց հետո դա էլ կորոշեն:
Լուսանկարը` Bravo.am-ի: