Արմեն Մարտիրոսյանը հանդպիպել է Ստյուարտ Դիքսոնի հետ
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը ղեկավարում է Սթյուարթ Դիքսոնը, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնելու:
Այսօր պարոն Դիքսոնը և դիտորդական առաքելության մյուս ներկայացուցիչները հանդիպեցին «Բարև Երևան» դաշինքի առաջին համարը ներկայացնող թեկնածուի` Արմեն Մարտիրոսյանի հետ:
Կարճատև հանդիպման սկզբում պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նպատակը միշտ եղել է ԵՄ ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգ ունենալը: Բայց նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ դիտորդական առաքելությունները տեսել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների խախտումները: Այդ ամենով հանդերձ, նրանք հայտարարում են, որ այդ ընտրությունները մի քայլ առաջ էին, և այդ պարագայում դժվար է Հայաստանում եվրոպական արժեքներ տարածել:
Որպես ամենամեծ խոչընդոտ արդար ընտրությունների կայացմանը` պրն. Մարտիրոսյանը նշեց վարչական ռեսուրսի կիրառումը: Խախտումների երկրորդ խմբին նա դասեց ընտրակաշառքները և նշեց, որ դրա ապացույցները կարելի է գտնել համացանցում: Որպես խախտումների երրորդ խումբ` պրն. Մարտիրոսյանը նշեց քարոզարշավի խոչընդոտեւմը հանրապետական երիտասարդների կողմից:
Պարոն Դիքսոնի հարցին, թե ինչ են իրենք արել ընտրացուցակների հետ կապված խախտումների դեմն առնելու համար, պրն. Մարտիրոսյանը պատասախանեց, որ ինքը որպես պատգամավոր օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով նախատեսվում էր ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո: Հիմա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կողմ են այդ օրենքի ընդունմանը: Դա շատ արդիական խնդիր է այն պայմաններում, երբ 3.5 մլն բնակչություն ունեցող Հայաստանից 1.5 մլն-ը արտագաղթել է: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «Բարև Երևանը»` որպես այդ խախտումների դեմն առնելու մեխանիզմ, խնդրում է քաղաքացիներին բերել իրենց այն ծանոթների անուններն ու հասցեները, ովքեր չեն բնակվում Հայաստանում, և այժմ «Բարև Երևանի» վստահված անձինք ունեն այդ անունների մի պատկառելի ցանկ եւ վերահսկելու են, որպեսզի նրանց փոխարեն քվեարկություն չիրականացվի: Որպես մեկ այլ մեխանիզմ`նշվեց ընտրություններից հետո վերահաշվարկի դիմելը և ցուցակներից քաղվածք պահանջելը:
Հարցին, թե 40%-ից ավել ձայն չհավաքելու դեպքում պատրաստ է արդյոք կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Բարև Երևան» դաշինքը պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, քանի որ իրենց համար առաջնայինը համակարգային փոփոխությունն է:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբ