ՀՅԴ հանրավաքը՝ ֆոտոշարքով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում իր ամփոփիչ հավաքն անցկացրեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Դաշնակցության հանրահավաքին ներկա էին հարյուրավոր մարդիկ` ՀՅԴ անդամներ, համակիրներ և շարքային քաղաքացիներ:

Ելույթ ունեցան ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Բյորոյի անդամ Վահան Հովհաննիսյանը և ավագանու ընտրություններում Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, ովքեր խոսեցին Դաշնակցության քարոզարշավի, քաղաքական իրավիճակի մասին` կոչ անելով քաղաքացիներին ընտրության օրը դարձնել միասնական «ոչ»-ի հանրաքվե իշխանությանը և մայիսի 5-ին ընտրել քվեաթերթիկի 5-րդ համարին` Դաշնակցությանը:

Նշենք, որ հավաքին ներկա էր նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հատկապես կտրուկ էր Վահան Հովհաննիսյանի ելույթը, ով առաջին հերթին խոսեց Երևանի ավագանու ընտրությունների կարևորության մասին:

«Սիրելի երևանցիներ, մենք խաղում ենք մեր երկրի ճակատագրով, կատակ ենք անում մեր երկրի ճակատագրի հետ` 10-15 հազար դրամով, ինչ-որ մի ԺԵԿ-ի պետի մակարդակի մարդու թարս նայելը դարձնում ենք մեզ համար ճակատագրական, մոռանում ենք, որ այս երկիրն այսօր կախված է մեզնից. կա´մ մենք գնում ենք և քվեարկում ենք Դաշնակցությանը, կա´մ մենք գնում ենք և ապահովում ենք ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը ավագանիում, կա´մ հետո պետք չի լաց լինել»,- ասաց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավորը:

Շարունակելով նա նշեց, որ Երևանից հեղափոխություն սկսելն ամենաանվնաս և զուսպ ձևն է: Վահան Հովհաննիսյանը բնականաբար անդրադարձավ նաև գործող իշխանություններին` նշելով, որ բոլոր պաշտոնյաներին մինչ օրս նշանակել են կամ ձևականորեն ընտրել են` ելնելով միայն մեկ պահանջից, որպեսզի վերարտադրի իշխանության մյուս ընտրությունը: Դիմելով հավաքվածներին, Վ. Հովհաննիսյանը հարցրեց՝ արդյոք գիտե՞ն այսօրվա գործող ավագանուց մեկի անունը:

Ի պատասխան իր հարցին պատգամավորն ասաց. «Չէ, թագավորական քայլվածքով կարող է միայն անցնել նախագահը և ասել` «Տարոն ջան, սիրուն չի», ու կքանդեն: Մեկը այստեղ կանգնածներից գործող ավագանու անդամներից մեկի անունը գիտի՞, ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում, որովհետև երբ տանիքը ծակ է, փլվում է լիֆտը, ջուրը շաբաթներով չեն տալիս, էլեկտրականությունն անջատվում է…»: Հենց այս խոսքերի վրա միացվեց Ազնավուրի հրապարակի շատրվանի ջուրը:

«Տեսա՞ք, ջուրը միացրեցին, որ դուք մեզ չլսեք, բայց դուք մեզ կլսեք, և էդ ջրի մեջ մենք կխորտակենք դրանց»,- միանգամից արձագանքեց Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցության հանրահավաքը` 168.am-ի ֆոտոշարքում:

Տեսանյութեր

Լրահոս