Արմեն Ռուստամյան. Ով դոշին չունի էդ նշանը՝ անտեսված է, հալածված է, օտար է
«Մայիսի 5-ի ավագանու ընտրություններն ուղղակի կապ ունեն մարդկանց դժգոհության հետ»,- Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՅԴ հանահավաքի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ իշխանությունը մարդկանց ուզում է խաբել, երբ ասում է, թե այս ընտրությունները կենցաղ-սպասարկման ընտրություններ են:
«Իշխող կուսակցությունն ու պետությունը նույնացված են: Ով դոշին չունի էդ նշանը՝ անտեսված է, հալածված է, օտար է, իսկ ով նախագահի շուրջը մեկ մետրի հեռավորությամբ չի գտնվում էդ մարդն այս երկրում տեղ չունի, նրա իրավունքները ոտնահարված են»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ քաղաքային այս դրվածքը կարող է փոխվել Երևանի միջոցով:
Ա. Ռուստամյանը նշեց, որ չի ցանկանում հետադարձ նետել, «փորփրել անցյալն ու մեղավորներ գտնել՝ ինչ եղել, եղել է»:
Չնայած նախագահական ընտրություններում, նրա խոսքով, իրենք չկարողացան հասնել նրան, որ նախագահին փոխելով փոխվի երկրի վիճակը, բայց վստահեցրեց, որ դրան կարող են հասնել Երևանում փոխելով քաղաքապետին:
Նա կարևորեց հետընտրական դաշինքն ու հայտարարեց, որ միայն այդ դեպքում չեն կորչի ընդդիմությանը տված ձայները. «Պարզ բաներ ենք ասում: Ինչ կա ստեղ չհասկանալու: Եթե մենք չկարողացանք լուծել սա… հիմա էլ ունեն մանդատ, ինչ են անում… ում են մեղադրում: Իսկ մենք ասում ենք, որ սա հնարավոր է: Մենք ոչ լծակ ունենք, ոչ ընտրակաշառք պետք է բաժանենք, որովհետև դա փչացնում է ժողովրդին: Էդքան ասեցինք՝ իշխանության ուղեղը չմտավ դա, որ դուք էս ժողովրդին փչացնում եք, դիմադրողականությունը կորցնում եք, արնաքամ եք անում էս մարդկանց: Էս ժողովրդով եք պահելու էս երկիրը, չէ՞: Բա ո՞նց եք հետո անելու՝սենց հուսալքված ժողովրդով»: