Թոնի Այոմի. «Դորիանս»-ն ամենալավին է արժանի. ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարողանա այնտեղ գտնվել
Աշխարհահռչակ «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին հարցազրույց է տվել eurovision.tv կայքին, որտեղ անդրադարձել է Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբին և իր իսկ հեղինակած և «Դորիանս»-ի կողմից ներկայացվելիք Lonely Planet երգին։
– Մենք զրուցել ենք «Դորիանս»–ի մենեջերի հետ, ով խոստովանել էր, որ մինչև Ձեզ դիմելը` երգով ապահովելու համար, երկար ժամանակ երկմտում էր։ «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» Եվրատեսիլի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:
– Ինձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, և իմ համաձայնելը երկար ժամանակ չտևեց։ Ես շատ արագ մտածեցի և զգացի, որ իմ գաղափարներից մեկը հարմար տարբերակ կլինի։
– Դուք գո՞հ եք Lonely Platnet երգի խոսքերից և «Դորիանս»-ի ներկայացնելու ձևից։
– Կարծում եմ, որ խոսքերն իսկապես լավն են։ Դրանք արտահայտում են այն, ինչը վերաբերում է բոլորիս։ «Դորիանս»-ը երգն իսկապես լավ է ներկայացնում, նրանք մեծ մասամբ պահպանել են դեմո տարբերակը, որը ես տանն էի արել։ Այդ պատճառով էլ` անակնկալներ չեղան։
– Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես կիթառային րիֆերը և սոլոն:
– Երկար տարիների ընթացքում ես շատ եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Black Sabbath-ի ստեղծագործությունները. դա արդեն ինձ համար տարօրինակ չէ։
– Ի՞նչ եք կարծում, այն մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում Եվրատեսիլ երգի մրցույթը, այս տարի Ձեր ներգրավածության շնորհիվ կփոխե՞ն իրենց մտադրությունը։
– Հուսով եմ։
– Մայիսի 16-ին ընդառաջ ի՞նչ կմաղթեք Դորիանսին։
-Հաջողություն, նրանք ամենալավին են արժանի։ Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարողանա այնտեղ գտնվել։
Թարգմանեց՝ Գոհար Արամյանը