Գույքագրվում են մարզային առողջապահական խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առաջին հերթին  անդրադարձ եղավ մարզերում առողջապահական առաջնահերթ խնդիրներին։

Դերենիկ Դումանյանին տեղեկացրեցին, որ իր պահանջի համաձայն բոլոր մարզերի պատասխանատուները գրավոր ներկայացրել են ինչպես հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնպես էլ դրանց լուծման ուղղությամբ առաջարկները։ Դերենիկ Դումանյանն առաջարկեց հաջորդ շաբաթվա ընթացքում դրանք մեկ առ մեկ իր մոտ քննարկել։ Իսկ իր տեղակալներին հանձնարարեց ակտիվորեն ընդգրկվել մարզային առողջապահական խնդիրների գույքագրման գործում, անհրաժեշտության դեպքերում դրանք քննարկել տեղերում։

Մարզպետարանների ներկայացուցիչները Դերենիկ Դումանյանին տեղեկացրեցին, որ արդեն պատրաստ են Երևանի առաջատար կլինիկաների նեղ մասնագետների կողմից մարզերում «բաց դռների» օրերի անցկացման գրաֆիկները, համաձայն որոնց մարզերի հիվանդները կստանան առաջատար մասնագետների խորհրդատվությունը։ Միաժամանակ, առողջապահության պատասխանատուները նշեցին, որ եղանակի տաքացմամբ պայմանավորված արդեն իսկ կան օձի խայթոցի դեպքեր, իսկ ամենակարևորը` բոլոր բուժհաստատություններն ապահովված են հակաթույնի անհրաժեշտ պաշարով:

Դերենիկ Դումանյանին զեկուցեցին, որ հանրապետության բուժհաստատություններն ապահովված են նաև հակակատաղության, հակաբոտուլինային, հակափայտացման շիճուկներով:

Քննարկվեցին նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներում ստվերայնության նվազեցման և այլ հարցեր:

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս