Աղվան Վարդանյան. Իշխանությունը լկտիանում է, լճանում է, ասում է՝ մեր դեմ խաղ չկա, բայց՝ կա

«Ամեն ինչ պարզ է՝ ով ուզում է իր կյանքում, ընտանիքի կյանքում ամեն ինչ մնա նույնը, թող գնա ու քվեարկի ՀՀԿ-ի օգտին ու իր կողքի փոքր «Օրինաց երկիր» կուսակցությանը»,- քիչ առաջ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի երկրորդ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Ըստ նրա՝ այդ դեպքում ոչ միայն ամեն ինչ նույնը կմնա, այլև կվատանա:

Ա. Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն քարոզարշավի օրերին հստակ քաղաքական և Երևանը ղեկավարելու ծրագիր է ներկայացրել, բաց ճակատով հանդիպել է բնակիչներին: Իսկ իշխող կուսակցությունն, ըստ նրա, «ձև է արել, թե քարոզ են անում», բայց իրենց թեկնածուն նույն ճառը ամեն տեղ ասել է:

ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ իրենք ոչ մեկին չեն հայհոյել, չեն վարկաբեկել ու եթե ասել են՝ «Տարոնը պատահական քաղաքապետ է»՝ հիմնավորել են,  եթե ասել են՝ լավ քաղաքապետ չի՝ «հիմնավորել են»:

Նրա խոսքով, թեպետ իշխող կուսակցությունը ավագանու ընտրություններն ուզում է վերածել անձի ընտրության, ապա իրենք մատնանշում են հակառակը. «Սա անձի ընտրություն չէ, հիշեք. դուք քվեարկելու եք կուսակցության դիմաց: Այդ իրենք են, որ գիտեն, որ իրենց կուսակցությունը վարկաբեկված է, ասում են՝ լավ տղա Տարոնին եք ընտրելու»:

Ըստ նրա, այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանն այդպես էլ հրապարակային բանավեճի ոչ մի հրավեր չընդունեց, պատճառն այն է, որ ընտրությունը համեմատություն է, իսկ բանավեճի դեպքում կերևա՝ ով՝ ինչ արժեքային համակարգ ունի, մարդկային՝ ինչ որակներ:

«Իրենց նպատակը ոչ թե փոփոխությունն է, այլ իշխանությունն իրենց ձեռքը պահելը: Իսկ մենք պետք է զրկենք իրենց այդ հնարավորությունից: Դա իրենց համար էլ լավ կլինի, այլապես լկտիանում են, լճանում են, ասում են իրենց դեմ խաղ չկա, բայց՝ կա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ քաղաքապետի թեկնածուին, ապա Ա. Վարդանյանն ասաց, որ Արմեն Ռուստամյանն իր սկզբունքայնությամբ, ազնվությամբ, փորձով «մի գլուխ բարձր» է բոլորից: Նա նաև ասաց, թե ՀՅԴ-ն է, որ վաղը կարողանալու է համախմբել ոչ իշխանական ուժերին ու ստեղծել ընդդիմության ղեկավարություն:

Տեսանյութեր

Լրահոս