Վահան Հովհաննիսյան. ՀՅԴ ավագանին պատասխան կտա պաշտոնի առաջ, ոչ թե «թագավոր ախպոր» (տեսանյութ)
«Հպարտանում եմ ձեզնով, իմ ընկերներով, այն հանգամանքով, որ իրավունք ունեմ ձեզնով հպարտանալու»,- դիմելով Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների քարոզարշավին իշխանական թեկնածուն ամեն տեղ աշխատում էր մենակ երևալ, որովհետև ընկերները «ցույց տալու բան չեն»: Նույնը, ըստ Վահան Հովհաննիյանի, կատարվեց նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին.
«ՀՀԿ ցուցակի առաջին համարը նորից աշխատում է ցույց չտալ այն կերպարներին, ով կազմում է իր թիմը: Իսկ մենք այնքան իսնքնավստահ ենք, արդար, որ ինքներդ կարող եք տեսնել»: Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց ցանկում ընդգրկված գործիչները երբեևէ «չխայտառակված մարդիկ են»:
Ըստ ՀՅԴ պագամավորի՝ գալիս է մի պահ, երբ մայրաքաղաքը պետք է ստանձնի պարտականությունն ու երկիրը տանի առաջ ու կոչ արեց երևանցիներին երկրի հետ «կատակ» չանել 10.000 դրամով ու հիշել, որ երկիրը կախված է քաղաքացուց. «Կա՛մ գնում ու քվեարկում ենք ՀՅԴ-ին, կա՛մ ձայն եք տալիս ընդդիմությանը, որ մեծամասնություն կազմի քաղաքային իշխանության մեջ, կա՛մ չլացեք՝ նայելով ճամպրուկներին»:
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ճշգրիտ է ընտրել թիրախը, որովհետև բարեփոխումը Երևանից սկսելը ամենաանվնաս ու զուսպ պայքարի ձևն է:
Դիմելով հավաքվածներին, Վ. Հովհաննիսյանը հարցրեց՝ այսօրվա գործող ավագանուց մեկի անուն գիտե՞ք: Ի պատասխան իր հարցին պատգամավորն ասաց. «Չգիտեք, որովհետև երբ տանիքը ծակ է, փլվում է լիֆտը, ջուրը շաբաթներով չեն տալիս, իրենք չեն արձագանքում»:
Վահան Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում հանկարծ միացրեցին շատրվանները, ինչին ՀՅԴ պատգամավորն այսպես արձագանքեց. «Միացրեցին, որ իմ ձայնը չլսեք, բայց կլսեք: Ջրի մեջ մենք կխորտակենք նրանց»:
Շարունակելով իր խոսքը Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենց տարբերությունը քաղաքական մյուս ուժերից այն է, որ իրենք ավագանի կբերեն մարդկանց, ովքեր պաշտոնի առաջ պատախան կտան, ոչ թե «թագավոր ախպոր»:
Իսկ վերջում նա հայտարարեց. «Մայիսի հինգին՝ համար հինգին»: