Լուկաշենկոն կմասնակցի Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը
Մայիսի 2-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին հրավիրեց Աբովյան քաղաք՝ մասնակցելու Ծառուկյան ընտանիքի միջոցով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը:
168.am-ի տեղեկություններով՝ եկեղեցու բացմանը հրավիրված է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում հետ Ծառուկյանը մտերիմ հարաբերություններ ունի: Այնքան մտերիմ, որ Հայաստան կատարած իր նախորդ այցի ժամանակ Լուկաշենկոն՝ խախտելով արարողակարգային պայմանականությունները, գիշերել էր Ծառուկյանի տանը:
Մեզ չհաջողվեց պարզել, թե արդյոք Բելառուսի նախագահի այցը Հայաստան պաշտոնակա՞ն է, թե՞ անձնական. նա Հայաստան է գալիս ընդամենը Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը մասնակցելու համա՞ր:
Փորձեցինք ՀՀ նախագահի աշխատակազմից ճշտել՝ նախատեսվո՞ւմ է արդյոք առաջիկայում Բելառուսի նախագահի պաշտոնական այց Հայաստան: Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, սակայն, այդ հարցին ի պատասխան՝ ընդամենն ասաց, որ բոլոր պետական և պաշտոնական այցերի մասին նախագահի աշխատակազմի Տեղեկատվության վարչությունը պատշաճ ժամկետում տեղեկատվություն է տարածում:
Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարելիք այցի մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի տարածվել. կամ ժամկետները դեռ պատշաճ չեն, կամ այցը պաշտոնական չէ: