Հայտնի գաղտնազրույցի համար դիմել են ԱՄՆ
Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է «Google Inc.» «YouTube.LLC» կազմակերպություններին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ այս կերպ պարզելու համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ։
Ըստ ՀՔԾ-ի՝ միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:
«Որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ»,- հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։