Որևէ մեկն առանձին հաղթելու հնարավորություն չունի
«Մենք կաշխատենք արձանագրել նաև ընտրատեղամասերից դուրս գտնվող կեղծիքները»,- այս մասին ԱԺ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ աշխատանքները համակարգելու համար ՀՅԴ-ն արդեն իսկ բացել են թեժ գիծ: Ա. Ռուստամյանը նաև ասաց, որ արդեն իսկ ստացվել են ահազանգեր, որոնք ուսումնասիրվելու են և ներկայացվելու համապատասխան մարմիններին:
Ռուստամյանի խոսքով, եթե հաջողվի վերահսկել ընտրությունների գործընթացը, հստակ է, որ իշխանությունը չի կարող ունենալ մեծամասնություն:
Նրա խոսքով, ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ են գիտակցում, որ իրենց կուսակցական շահից ևս բխում է, որ հետընտրական դաշինք ձևավորվի: Ոչ իշխանական ուժերից շատերը, նրա համոզմամբ, «կցկտուր» հայտարարում են հետընտրական դաշինքի մասին, բայց գործնական քայլեր չեն կատարում. «Երևի տեղ են թողնում՝ հետագայում քայլեր կատարելու համար: Հնարավոր է փոխել քաղաքապետին, բայց հետընտրական դաշինքի միջոցով, որովհետև որևէ մեկն առանձին-առանձին այդ հնարավորությունը չունի»:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ ոչ իշխանական ուժերը պետք է մանդատները «գումարեն» ու ավագանու ներսում ընտրեն ընդդիմադիր քաղաքապետ, ինչը, նրա գնահատմամբ, իրատեսական է այսօր:
Նա կարևորեց նաև հանգամանքը, որ յուրաքանչյուր ընտրող պետք է իմանա, որ ձայնը տալով ընդդիմադիր ուժին՝ նպաստել է մեծամասնության փոփոխությանը: «Բոլորն ունեն այդքան գիտակցություն, որպեսզի հասկանան, որ եթե ժողովրդին ևս մեկ անգամ հիասթափեցնենք՝ կլինի մեծ հարված: Մենք չենք մտել այս ընտրություններում մեկ կամ երկու ավել մանդատ ունենալու համար, մենք տեսնում ենք հնարավորություն՝ Երևանում իշխանություն հաստատելուց հետո իշխանափոխություն անել Հայաստանում»,- նշեց նա: