Գյումրիում աղավնի վաճառողին տարել են ոստիկանություն՝ սառը զենք ունենալու համար
Օրերս galatv.am-ի տեղեկությունների համաձայն, Գյումրիում աշխատող երևանցի մի խումբ ոստիկաններ բերման են ենթարկել Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու բակում աղավնի վաճառողին՝պատճառաբանությամբ, որ նրա մոտ սառը զենք են հայտնաբերել:
Ականատեսները պատմել են, որ աղավնի վաճառողը ոստիկաններին փորձել է բացատրել, որ ձեռքի դանակը վաճառվող աղավնիների համար է: Մարդիկ գնում են՝ զոհաբերելու համար, հետո մոտենում են, խնդրում ոտքերը կտրել և այլն: Սակայն ոստիկանները նրանից պահանջել են ներկայանալ ոստիկանություն և ցուցմունք տալ, միևնույն ժամանակ՝ առգրավել են նրա մոտ եղած դանակը՝որպես սառը զենք:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է.
«Այո, զենքը, նաև սառը զենք կրելը նույնպես հանցագործություն է կոչվում: Այսօր դատախազության և ոստիկանության հսկողության նպատակը մեկն է՝ հնարավորինս հասնել նրան, որ քաղաքացիների ձեռքին զենք չլինի, թեկուզ՝սառը զենք»:
Հարցին, թե սա արդյո՞ք նշանակում է, որ շուկայում կանաչի կամ միս վաճառողի ձեռքից էլ են դանակները հավաքելու, Կ. Շահբազյանը պատասխանեց. «Ամեն մի կտրող-ծակող դանակ չէ, որ համարվում է սառը զենք, դա հայտնաբերվում և փորձաքննության է ենթարկվում: Դրա համար մեծածավալ քրտնաջան աշխատանքները պետք է չվերածվի իռոնյայի, այլ լուսաբանեք, որ քաղաքացիները գնահատեն և բարձրանա վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ»: