Մհեր Սեդրակյան. Իմ տղան Լոնդոնում ա սովորել. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ էրեբունի համայնքում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել Տարոն Մարգարյանի համար։
«Ժամանակը» Մ. Սեդրակյանից հետաքրքրվեց, թե քանի որ ճոխ ընդունելություն է կազմակերպել, ի՞նչ ակնկալիք ունի տղայի՝ փոխքաղաքապետի պաշտոնի հետ կապված:
«Ըտենց բան չի եղել։ Ես տենց բան չեմ ասել»,- հայտարարեց Սեդրակյանը: Հիշեցնենք, որ «Հրապարակին» տված հարցազրույցում Սեդրակյանը հայտարարել էր. «Իմ տղան ավագանի չի աշխատի, որովհետև իրա ինչի՞ն է պետք ավագանին։ Ինքը գնաց Գլենդել, սովորեց էդքան, որ գա ստեղ ավագանի աշխատի՞։ Ասում են՝ քաղաքապետի տեղակալ պիտի դառնա, նման շշուկներ են ականջիս հասել, բայց ես հաստատ համոզված եմ, որ ոչ էլ դա է իրան պետք»։
Մեր հստակեցմանը, թե ի՞նչ ակնկալիք ունի քաղաքապետարանում տղայի պաշտոնի հետ կապված՝ ասաց. «Ձեր ինչ գործն ա, քաղաքապետարանում չի ունենա»։ Նկատեցինք, որ, փաստորեն, իզուր էր իր տղան Գլենդելում այդքան սովորել. «Գլենդել չեմ ասել ես, Լոնդոնի էլեյսի համալսարանում։ Գլենդելում ինչ կա տենց սովորելու»,- հակադարձեց նա։ Մեր դիտարկմանը, թե փաստորեն, Լոնդոնում է սովորել ու քաղաքապետարանում պաշտոն չի՞ ունենալու, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ո՛չ, չենք ուզում»»։