
Կան գյումրեցիներ, որոնք դեռ համոզված են, որ վենդետա, ամեն դեպքում, լինելու է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քանի որ հասարակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքը, «Ժողովուրդը» հետաքրքրվեց ու պարզեց, որ վերջին աղմկահարույց սպանությունից հետո կարծես թե քաղաքում առժամանակ անդորր է հաստատվել:
Հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց հանրապետության երկրորդ քաղաք, ապա այնտեղ գործուղվեցին նրա տեղակալները, տպավորություն է՝ կարծես իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել քաղաքի կրիմինալ իրավիճակը շտկելու գործով:
«Ժողովուրդի» հետ զրույցում շատ գյումրեցիներ կեսկատակ-կեսլուրջ ասացին, թե հիմա ավելի ճիշտ Է Գյումրի տեղափոխել ՀՀ ոստիկանությունը, այլ ոչ ՀՀ մշակույթի կամ սպորտի նախարարությունները։
Բայց առաջ չընկնելով դեպքերի զարգացումներից՝ նշենք, որ չնայած քաղաքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, կան գյումրեցիներ, որոնք դեռ համոզված են, որ վենդետա, ամեն դեպքում, լինելու է»: