
Սամվել Ալեքսանյանը լրջորեն պատրաստվում է կեղծիքների՞. մամուլ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում, լուրջ ուժային փորձարկումներ կարող են անել կամ ուժ կիրառել: Ես զգում եմ ընդհանուր մթնոլորտից, և բոլոր խոսակցություններից, և նրանից, ինչ որ այսօր կատարվում է մեր հանձնաժողովի անդամների, վստահված անձանց հետ, երբ փորձում են նրանց հետ կապվել, ինչ-որ հարաբերություններ ճշտել, խորամանկությունների են դիմում:
Ես եզրակացնում եմ, որ չի բացառվում, որ Մալաթիա-Սեբաստիայում ինչ-որ ընդհարումներ լինեն»,- Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը զխավորող Վահագն Խաչատրյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
««Առավոտի» հարցին՝ պատրա՞ստ եք դիմակայելու, պարոն Խաչատրյանն ասաց. «Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում բոլոր ձևերով պայքարելու: Կանեն այդպես, մենք օրենքով կպաշտպանվենք, եթե տեսնենք, որ դա չի գործում՝ մի այլ ձև կգտնենք: Այնպես չէ, որ ձեոքներս ծալած նստելու ենք»:
Պարոն Խաչատրյանն այն կարծիքին է, որ բոլոր տեղամասերում իրենք վերահաշվարկ են պահանջելու, քանի որ, ըստ նրա, առկա ընտրացուցակներն արդեն պոտենցիալ խախտումներ են պարունակում.
«Եթե ցուցակները մաքրեին, Հայաստանում 2 միլիոն 600 հազար ընտրող չկա, երևանում 880 հազար ընտրող չկա»: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավանդաբար ընտրակեղծիքների իրականացնողն ու դրանց պատասխանատուն եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը»: