Ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն
Ապրիլի 30-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից կատարված ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 70 մլն 400 դրամից ծախսել է 67 մլն 974 հազար 353-ը:
Ամենաքիչ ծախսեր նախկինի նման կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, ընդ որում ապրիլի 19-ից ի վեր վերջինիս հիմնադրամում ֆինանսական մուտքերի և ելքերի շարժ չի արձանագրվել. մուտքագրված 1 մլն 60 հազար դրամից ծախսվել է 1 մլն 59 հազար 400-ը:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 30-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է: Վերջինիս հիմնադրամ մուտքագրված 68 մլն 577 հազար դրամից ծախսվել է 66 մլն 537 հազար 554-ը:
ՕԵԿ-ը մուտքագրված 28 մլն 57 հազար 250 դրամից ծախսել է 24 մլն 807 հազար 848-ը:
«Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 22 մլն 199 հազար 400 դրամից ծախսվել է 17 մլն 908 հազար 500-ը:
«Բարև Երևան» դաշինքի հիմնադրամ մուտքագրված 7 մլն 120 հազար դրամից ծախսվել է 5 մլն 735 հազար 164-ը:
ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 30-ի դրությամբ ծախսվել է 3 մլն 520 հազար 213-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի, ներառյալ` տպագիր նյութերի պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունեն ծախսել 75 մլն դրամը չգերազանցող գումար:
«Փաստինֆո»