10 բնակարան կամ մեկ առանձնատուն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։ Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։ Հարցի քննարկման ժամանակ արծարծվել է նաև այլընտրանքային զինծառայության խնդիրը։ Ի պատասխան վարչապետի այն հարցի, թե երբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, ՀՀ արդարադատության նախարարն իբրև վերջնական ժամկետ նշել է ս.թ. աշնանային զորակոչը։