Իրանում ձերբակալել և 7 ժամ հարցաքննել են Մահմուդ Ահմադինեժադին. մամուլ
Թուրքական Haberler.com լրատվական կայքը, վկայակոչելով ամերիկյան WND կայքը, հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչները ձերբակալել են նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և 7 ժամ հարցաքննել են նրան:
Հարցաքննողների թվում է եղել նաև Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոժթաբա Համանեին: Հաջորդ ամիս (հունիսի 14) Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրությունները և դրան ընդառաջ կտրականապես սրվել են Խամենեիի ու Ահմադինեժադի հարաբերությունները:
Նշվում է, որ Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննել են երկուշաբթի: Հարցաքննության ժամանակ նրան զգուշացրել են, որ նախագահական ընտրություններից առաջ ավելի ուշադիր լինի իսլամական վարչակարգի մասին իր ելույթներում:
Ահմադինեժադը երկուշաբթի այցելել է մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած Գրքի միջազգային 26-րդ տոնավաճառ: Դրանից հետո նրա շարասյանը միացել է երեք նոր ավտոմեքենա և նրան տարել են այլ ուղղությամբ՝ կտրելով կապն իր թիկնապահներից:
Ահմադինեժադը չէր պլանավորել այցելել Խամենեիի գրասենյակ և Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչների կողմից կանգնեցվել է ԱԳՆ-ի շենքի մոտ: Նրանք առգրավել են Ահմադինեժադի թիկնապահների զենքերն ու հեռախոսները, իսկ Ահմադինեժադին բռնի տարել են Իսլամական հեղափոխության պահակազորի Հետախուզական բաժնի ղեկավար Հուսեին Թաեբի գրասենյակ:
Այստեղ նրան ժամերով հարցաքննել են Հուսեին Թաեբը, Խամենեիի հետախուզական բաժնի պետ Աշքար Հեջազին, Խամենեիի որդին՝ Մոժթաբա Խամենեին և գլխավոր դատախազ Հուսեին Էժեին: Նրանք պահանջել են, որ Ահմադինեժադը հրաժարվի իսլամական վարչակարգին քննադատելուց: Ահմադինեժադին ազատ են արձակել ժամը 23.45-ին:
Նշվում է, որ Ահմադինեժադն առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է իր խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշաեի թեկնածությունը, ինչն անընդունելի է իշխող վարչակարգի համար, որը ցանկանում է արգելափակել Մաշաեիի թեկնածությունը:
Ահմադինեժադը սպառնացել է, որ եթե Մաշաեիի թեկնածությունը մերժվի, ապա իրենք կհրապարակեն 2009 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ չհրապարակված փաստաթղթեր: Հարցաքննության ժամանակ նրան նաև հարցեր են ուղղվել այդ փաստաթղթերի թաքստոցի մասին:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ էլ BBC-ն հայտնել էր, որ Ահմադինեժադը ստացել է «քաղաքական նախազգուշացում»՝ նախագահական ընտրություններից առաջ երկրում իրավիճակը չսրելու համար: