«Ավելի վատ իրենց համար». Անահիտ Բախշյանը` ՀԱԿ դաշինքին
«Հայ ազգային կոնգրես» դաշինքը (չշփոթել ՀԱԿ կուսակցության հետ) երեկ քննարկել է մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքի սատարելու հարցը և այդպես էլ համաձայնության չգալով՝ որոշումը չի ընդունվել: Այս մասին 168.am-ին ասաց դաշինքի անդամ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք վերակազմավորված դաշինքին լուսանցք չի նետի ընտրություններում չեզոքություն պահպանելը, Սոս Գիմիշյանը պատասխանեց.«Եթե նախկինում մենք դժգոհում էինք, որ մեր կարծիքների նկատմամբ թշնամական վերաբերմունք կա, հիմա նույնը մե՞նք անենք, չենք կարող: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի»,-ասաց Սոս Գիմիշյանը`հավելով, որ անձամբ իր ղեկավարած կուսակցությունն այս ընտրություններում ամենաշատ հաջողությունը «Բարև,Երևան» նախընտրական դաշինքին է մաղթում: Նա տեղեկացրեց, որ հարցի քննարկումը նախաձեռնել է «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը: Սոս Գիմիշյանի խոսքերով, որոշումը չի ընդունվել, քանի որ դաշինքում, ընդունված սկզբունքի համաձայն, որոշումները կոնսեսուսով են ընդունվում, իսկ դաշինքի անդամ կուսակցություններից մեկը դեմ է եղել, ավելի ճիշտ`որոշում է ունեցել որևէ մեկին չսատարել: Սոս Գիմիշյանը չցանկացավ նշել, թե որ կուսակցության մասին խոսքը, սակայն, ըստ մեր տեղեկությունների, դա Արմենակ Դովլաթյանի ղեկավարած «Հայաստանի կանաչների կուսակցությունն» է: Սոս Գիմիշյանը տեղեկացրեց, որ հարցի քննարկմանը հինգ կուսակցություն է մասնակցել, սակայն, նրա պնդմամբ, դաշինքում կա ութ կուսակցություն, պարզապես «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Արշակ Բակլաչյանին չեն կարողանում գտնել, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի հայտարարել դաշինքից դուրս գալու մասին`հետևաբար համարվում է դաշինքի անդամ, իսկ ՀԺԿ-ն էլ պարզապես հայտարարել է, որ առժամանակ նպատակահարմար չի համարում դաշինքի նիստերին մասնակցելը: Այսպիսով, «Բարև, Երևանին» սատարել-չսատարելու քննարկմանը մասնակցել է Սոս Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը, «Հայաստանի կանաչների կուսակցությունը», «Մարդու իրավունքներ -96»-ը, «Ժողովրդավարական ուղի» և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները: Ի դեպ, վերջին երկուսն ընդգրկված են «Բարև, Երևան» նախընտրական դաշինքում:
«Բարև , Երևան» նախընտրական դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը տեղյակ չէր ՀԱԿ դաշինքի որոշմանը, սակայն, իմանալուց հետո, բավական կտրուկ արձագանքեց: «Որոշում ունեն չսատարե՞լ, շատ ավելի վատ իրենց համար: Ընդհանրապես չեմ մտածել էդ մասին, ակնկալիք էլ չեմ ունեցել, որ հիմա զարմանամ, բայց շատ ավելի վատ իրենց համար»,-168.am-ին ասաց Անահիտ Բախշյանը: