
Տարոն Մարգարյանին ես էլ եմ սիրում. Արմեն Ռուստամյան

Հարցին, թե արդար ընտրությունների անցկացման դեպքում քաղաքապետի Հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանը կհաղթի՞ Երևանի ավագանու ընտրություններում, ՀՅԴ ավագանու ցուցակի գլխավորող Արմեն Ռուստամյանը տվեց բացասական պատասխան: «Նա ձայն չի կարող հավաքել: Բազմակի քվեարկությունները, ընտրակաշառքը, լծակների կիրառումը հանեք, տեսեք` տակը ինչ է մնում: Այսքան խոսում են, որ ընտրությունները քաղաքական չեն, Տարոնը լավ է աշխատել… բայց Տարոնին մարդիկ չեն ընտրում, ընտրում են Տարոնին նշանակողին, ազատողին, Հանրապետականին են ընտրում: Հետո էլ Տարոնը եթե այդքան լավն էր, հենց առաջին փոփոխության պարագայում նա պետք է լիներ: Բայց քաղաքապետը, չգիտես ինչու, եղավ Կարեն Կարապետյանը: Իրենք իրենց են չէ՞ հակասում: Ամենալավագույնին բա ինչու միանգամից չէի՞ք նշանակում: Լավից լավը Տարոնն էր, թող միանգամից նշանակեին: Հո չեմ ասում, վատից վատին նշանակեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե ասում են, որ մարդիկ սիրում են Տարոն Մարգարյանին, ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն արձագանքեց. «Ես էլ եմ սիրում: Ես մարդկանց ընդհանրապես եմ սիրում, Տարոնին՝ մասնավորապես: Հիմա խնդիրը սիրո հարցը չէ: Մեր խնդիրն այն է, թե իսկապես ինչ ենք ուզում այս երկրում անել: Ասում են՝ Նիկոլայը շատ պարկեշտ է, շատ ազնիվ, բայց առանց Նատալիայի չի կարող հարց լուծել: Հիմա առանց որևէ հրահանգի նախագահականից եկած, որևէ քաղաքապետ այսօր չի կարող հարց լուծել: Խնդիրը մանրուքների մեջ ման մի եկեք, այն վերևից է՝ ուզում է Տարոնը լինի, ով ուզում է լինի: Նախագահականից ոնց կասեն՝ տենց էլ կլինի: Ի՞նչ Տարոնի մասին է խոսքը»:
Ռուստամյանը նշեց, որ արդար ընտրությունների դեպքում հաղթելու է Դաշնակցությունը: