Հովիկ Աբրահամյան. ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձևակերպումներ ու տեսակետ արտահայտել (տեսանյութ)

ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձևակերպումներ ու տեսակետ արտահայտել Տարոն Մարգարյանի մասին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։

«ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում: Ես կարծում եմ, որ նման քաղաքապետ է մեր քաղաքին պետք և եթե մեր ազգաբնակչությունն իր ձայնը տա նրան, մեր քաղաքն ավելի լավը կլինի, քան այսօր է»,- ասաց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ խոսել էր պանթեոնում` Տարոն Մարգարյանի հոր` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունաքարի առկայության մասին` նշելով, որ «բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող հսկայածավալ սկյութական դամբարան» է:

Հովիկ Աբրահամյանն, արձագանքելով Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերին, ասաց. «Դա վարչական լծակի օգտագործում ձեւակերպելն անտրամաբանական է: Դա իշխանություններն են որոշել, որ երջանկահիշատակ վարչապետի գերեզմանը այնտեղ լինի: Ես գտնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը վաստակել է այդ իրավունքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս