Նաիրա Զոհրաբյան. Երևանցին սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին

Վաղը՝ մայիսի 2-ին, Ազատության հրապարակում  կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ելույթ կունենա կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք կարծում ենք, որ քարոզչական այս տարբերակը` բակ-բակ, 12 քարոզչական խմբերով աշխատելը ևս շատ արդյունավետ տարբերակ է, իսկ վերջին օրը,  բնականաբար,  կլինի Գագիկ Ծառուկյանը, որովհետև, հասկանալի է, որ երևանցին սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չմասնակցեց նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված բնակիչների հետ հանդիպումներին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ Հանրապետական կուսակցությանը հարց չեք ուղղում, թե ո՞րն է պատճառը, որ կուսակցության նախագահը չէր մասնակցում քարոզարշավին: Շատ նորմալ է, այս անգամ քարոզարշավի այս տարբերակն ենք ընտրել և այստեղ որևէ խնդիր չկա: Եթե Ձեզ համար հարցն ինտրիգ է պարունակում, ապա մեզ համար այն բոլորովին ինտրիգ չի պարունակում: Պարոն Ծառուկյանն ամենժամյա ռեժիմով տեղյակ է շտաբի աշխատանքներին»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե, ի վերջո, կուսակցության նախագահը մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրությունների  քարոզարշավին, թե՞ ոչ, ասել էր. «Եթե նկատի ունեք կոնկրետ իր հանդիպումներն ընտրողների հետ, դուք դրան էլ ականատես կլինեք»: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ իր գործընկերը ճիշտ է նկատել, քանի որ Գագիկ Ծառուկյանն ակտիվի հետ հանդիպումներ ունեցել է, որովհետև ԲՀԿ-ականներն անչափ կարևորում են Գագիկ Ծառուկյանի խոսքը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Գագիկ Ծառուկյանի միակ հանդիպումը, որքանով մամուլին է հայտնի,  եղել է Երևանի կոնյակի գործարանի բակում՝ ապրիլի 28-ին:

Տեսանյութեր

Լրահոս