Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կհանդիպի Երևանի ընտրողների հետ
«Գագիկ Ծառուկյանն առանցքն է մեր կուսակցության, այն հիմքն է, որի վրա կառուցվել է այն ամենն, ինչ կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն հոգեվիճակը, որը կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն զգացմունքը, զգացողությունը և գործնական քայլերը, որ կոչվում է «Բարգավաճ Հայաստան»։ Այն, ինչ մատուցվում է մեր բնակիչներին, մատուցվում է, այդ հիմքերից է բխեցվում, ինչի՞ մասին է խոսքը,»,-այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում քարոզարշավին:
Պարոն Ուրիխանյանին խնդրեցինք հստակեցնել՝ պարոն Ծառուկյանն ի վերջո մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ ոչ։ «Եթե դուք նկատի ունեք կոնկրետ իր հանդիպումներն ընտրողների հետ, դուք դրան էլ ականատես կլինեք: Բայց էնպես չի, որ ինքը չի մասնակցում: Ամեն Աստծո օր ինքը տեղեկանում է այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր քարոզարշավում»,- վստահեցրեց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Ընտրություններին մասնակցում է վեց կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելությունը», և «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը: