Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց Մայիսի 1-ը և «գազանանոցի» վերաբացումը
Այսօր Ազատության հրապարակում, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, «Բարև, Երևան» դաշինքի համակիրների առջև ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքը սկսվեց ժամը 15-ին` բավական շոգ ժամին, և հավանաբար դա պատճառ դարձավ հանրահավաքի` ոչ այնքան բազմամարդ լինելուն:
Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե անհարմար օր է կամ անհարմար ժամ է, դա իրենք են որոշել:
«Եթե ուզում էիք ավելի լավ ժամ, ինձ ասեիք, բայց այս ժամը մենք ենք ընտրել,- ասաց «Բարևի» շարժման առաջնորդը և ավելացրեց,- Շնորհավորելով մեր գազանանոցի վերաբացումը, նաև հաղթանակի տոնը, որը Մայր Հայաստանի արձանի ներքո այսօր տոնվում է, ես հիշում եմ, որ մեկ տարի առաջ` այս օրը մենք այստեղ էինք, այս հարթակի վրա: Մենք այստեղ, այս հարթակի վրա էինք մեծ արվեստաբաններով` իմ կողմից հարգված Հարութ Փամբուկչյանով, Ռուբեն Հախվերդյանով: Ասացինք` «սարերի քամի», «գետի այն ափի» մասին խոսեցինք, ես մի տարի առաջ` այս օրն ասի, որ առաջ գետի այս ափը պիտի կարգի հրավիրենք: Այդ 50 000 ժողովրդի դիմաց մեզ 6 տոկոս նշանակեցին, բայց այսօր, Ձեր առաջ, Դուք հաշվեք և չամաչեք այդ հաշվից: Բաղրամյան 26-ը թող հաշվի, բոլոր մեր բարեկամ կուսակցությունները թող հաշվեն, որովհետև մայիսի 5-ին ՀՀ-ի մայրաքաղաքն ունենալու է նոր քաղաքապետ»: