«Փոքր բիզնեսին պետք է ազատ թողնել բոլոր հարկերից». Հայաստանի գործատուների միության նախագահ (տեսանյութ)
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է, որ փոքր բիզնեսին պետք է ազատել հարկերից և ստուգումներից` այդպիսով կայանալու հնարավորություն տալով նրանց: Նա համոզված է, որ միկրոբիզնեսից պետբյուջե մուտքագրվող 100մլն դոլարը կարելի է այլ միջոցներով լրացնել:
Գագիկ Մակարյանը նշեց, որ միկրոբիզնեսը լուրջ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ 80 հազարի հասնող ակտիվ կազմակերպությունների մեջ 80 տոկոսը հենց միկրոբիզնեսներ են: «Փոքր բիզնեսին պետք է ազատ թողնել բոլոր հարկերից, չստուգել, նրան թույլ տալ, որ դա հասունանան, այդպիսով նա նաև լեգալանալ: Որքան փոքր բիզնեսը համոզված լինի, որ իրեն չեն ստուգում, հանգիստ է գործում, այդքանով ավելի կլեգալանա: Սա կլինի լավագույն լուծումներից մեկը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ հարևան Վրաստանում 17500 դոլար տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսն ընդհանրապես չի հարկվում:
168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ կառավարություն չի գնում փոքր բիզնեսին հարկերից ազատելու ճանապարհով, Գագիկ Մակարյանը պատասխանեց.«Կա շահերի բախման խնդիր: Շատ ստուգող մարմինների ներկայացուցիչներ նաև մտել են բիզնեսի մեջ: Փոքր բիզնեսի զարգացումը գուցե իրենց վախեցնում է, իրենց համար մրցակցություն է ստեղծում, իրենք նաև այդ գումարները միգուցե չեն կարողանում խոշորներից հավաքել, այստեղից են հավաքել, և մտածում են`ինչո՞ւ նաև այստեղից զրկվել»: