Բաժիններ՝

Տնօրենը նաև խոսնա՞կ է

Օրերս մեր թերթի խմբագրությունը նամակ է ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն և սեփականատեր Գրիգորի Գրիգորյանից, որտեղ վերջինս անդրադարձել է մեր հրապարակումներից մեկին:

«Վերջին ժամանակահատվածում շրջանառվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի` Արկադի Ղուկասյանին պատկանելու մասին խոսակցությունները։ Հստակ հայտարարում եմ, որ Արկադի Ղուկասյանը որևէ առնչություն չունի և երբևէ չի էլ ունեցել ինձ սեփականության իրավունքով պատկանող հիվանդանոցային համալիրի հետ։

Ես խորը հարգանք ունեմ պարոն Ղուկասյանի հանդեպ` թե՛ որպես ազնվագույն մարդու, թե՛ որպես ազգային-պետական գործչի, և իսկապես ցավ եմ ապրում, որ հայտնվել են անձինք, որոնք ինչ-ինչ նպատակներով փորձում են խաղալ նրա անվան հետ` իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելով։ «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն (սեփականատեր) Գրիգորի Գրիգորիի Գրիգորյան»,- նշված է նամակում:

Խոսքն ապրիլի 16-ի մեր թերթի մի հրապարակման («Ինչո՞ւ է Հանրապետական հիվանդանոցի տնօրենը դարձել ՀԱԿ վարչության անդամ») մասին է, որում տեղեկացրել էինք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ է դարձել «Արմենիա» բ/կ-ի սեփականատեր Գրիգորի Գրիգորյանը: Նշված էր նաև, որ այդ բ/կ-ի սեփականատեր են համարվում նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Այդ հրապարկման մեջ տարակուսանք էր հայտնվում այն մասին, որ ՀՀ-ի ամենախոշոր հիվանդանոցներից մեկի սեփականատերը դարձել է իրեն արմատական ընդդիմություն համարող քաղաքական ուժի անդամ:

Կարդացեք նաև

Պարոն Գրիգորյանը, փաստորեն, որևէ կերպ չի անդրադարձել իր՝ ՀԱԿ վարչության անդամ դառնալու մասին տեղեկությանը, չի արձագանքել այդ առթիվ հնչած մեկնաբանություններին, այլ ընդամենը հարկ է համարել իր «ցավն» արտահայտել «ազնվագույն մարդու, ազգային պետական գործչի»` Ա. Ղուկասյանի անվան արծարծման առթիվ:

Սովորաբար, երբ հանրային գործունեությամբ զբաղվող մարդկանց մասին մամուլում որևէ տեղեկություն է հրապարակվում, դա հերքում, պարզաբանում են կամ այդ մարդկանց մամուլի ծառայությունները, եթե այդպիսիք առկա են, կամ իրենք անձամբ:

Ա. Ղուկասյանն ինքը որևէ կերպ չի արձագանքել իր անվան հետ կապված լուրի հրապարակմանը, անձամբ չի հերքել իր բարի անունը արատավորող տեղեկությունը, այլ դա արել էգ«Արմենիա» բժշկական կենտրոնի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանը, ով, փաստորեն, իր վրա է վերցրել Ղուկասյանի մամլո խոսնակի` ըստ ամենայնի, շնորհակալ գործը: Ի դեպ, պակաս ուշագրավ չէ այն հանգամանքը, որ փորձելով հերքել Արկադի Ղուկասյանի առնչությունն «Արմենիա» բժշկական կենտրոնի հետ, պարոն Գրիգորյանը հաստատել է Գագիկ Ջհանգիրյանի` այդ հաստատության սեփականատեր լինելու մասին տեղեկությունը: Համենայնդեպս, Ջհանգիրյանի մասին նրա նամակում որևէ բառ նշված չէ:

Մյուս տարբերակն էլ այն է, որ Գրիգորի Գրիգորյանը Գագիկ Ջհանգիրյանին բավականաչափ ազնվագույն մարդ, առավել ևս` ազգային-պետական գործիչ չի համարում և չի մտահոգվում նրա անվան անաղարտությամբ:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս