Բաժիններ՝

Բժշկական անկետաները նույնպես կլինեն թվային

Հայաստանում մի շարք ոլորտներում ներդրվել են էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝ Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ, Հարկային հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգ, Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ, և այլն: Այժմ արդեն աշխատանքներ են իրականացվում նոր համակարգերի ստեղծման ուղղությամբ, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում:

Էլեկտրոնային առողջապահության համակարգը դեռևս նախագծման փուլում է: Համակարգի առկայությունը յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտա ունենալ իր բժշկական էլեկտրոնային քարտը (անկետա), որտեղ կպահվի մարդու հիվանդության վերաբերյալ ամբողջ պատմությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) ղեկավար Արթուր Ղուլյանը՝ նշելով, որ բժշկական էլեկտրոնային քարտերը կփոխարինեն այժմ կիրառվող թղթային անկետաներին:

Ըստ Ա. Ղուլյանի՝ նոր համակարգում մարդու առողջության վերաբերյալ տվյալներն անընդհատ կթարմացվեն, իսկ առողջապահության ոլորտի թափանցիկության ապահովումը մի կողմից՝ կբերի բժշկական ծառայությունների որակի բարձրացման, իսկ մյուս կողմից՝ պետության առողջապահական ծախսերի կրճատման և ֆինանսավորման օպտիմալացման:

«Համակարգի շնորհիվ յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ կստացվի լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով»,- ասաց Ա. Ղուլյանը՝ նշելով, որ հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և նրան համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելու համար, ուսումնասիրությունների, վերլուծությունների նպատակով, և այլն:

Կարդացեք նաև

Ա. Ղուլյանի տեղեկացմամբ՝ համակարգը կներդրվի փուլային ընթացակարգով: Համակարգը կներդրվի նախ՝ փորձնական որոշ բուժհաստատություններում, իսկ այնուհետև այն կտարածվի ամբողջ երկրում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հայեցակարգը: 2012թ. հոկտեմբերի 25-ի Կառավարության նիստում արձանագրային որոշման համաձայն՝ ընդունվել է ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին որոշումը, ըստ որի՝ արդեն համակարգի վերաբերյալ վերջին փուլում՝ 2014-ի հունիսի 3-րդ տասնօրյակով սպասարկող ադմինիստրատորների և այլ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում է նախատեսվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս