Չնայած Ջոն Քերիի խորհրդին՝ Էրդողանը կմեկնի Գազայի հատված
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը Գազայի հատված կմեկնի իր ամերիկյան այցից հետո: Էրդողանն ԱՄՆ է մեկնելու մայիսի 16-ին: Այս մասին թերթին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս պնդմամբ՝ Գազայի հատված այցելելու վերաբերյալ վարչապետ Էրդողանի պլաններում որևէ փոփոխություն չի կատարվել: Տվյալ հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Էրդողանին խորհուրդ է տվել առայժմ զերծ մնալ Գազայի հատված այցելելուց՝ հավելելով, որ ամեն դա դեպքում դա Էրդողանի ընտրությունն է, և նա կանի այն, ինչ ցանկանում է:
Թուրքիայի ԱԳՆ-ում եղած անանուն դիվանագիտական աղբյուրի խոսքերով՝ Քերին այդ դիրքորոշումը հնչեցրել է ապրիլի 7-ին՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո. «Քերիի վերջին հայտարարությունները ո՛չ նորույթ են, ո՛չ էլ գաղտնիք են մեզ համար: Սխալ կլիներ այդ հայտարարությունները որակել որպես Գազայի հատված Էրդողանի այցի նկատմամբ ԱՄՆ-ի արձագանք»:
Աղբյուրը հավելել է, որ Էրդողանը Գազա այցելելու հարցը կքննարկի մայիսի 16-ին կատարելիք ամերիկյան այցի ժամանակ: