Տարոն Մարգարյանը վստահության քվե էր խնդրում բնակիչներից (տեսանյութ)

Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում իր հերթական նախընտրական քարոզարշավն էր կազմակերպել Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:

Մինչ նրա ժամանումը ՀՀԿ-ական ակտիվի ներկայացուցիչները բավական աշխատանքներ էին իրականացրել. նախ բակն ապահովել էին բնակիչներով, որոնցից շատերի ձեռքերում կային Տարոն Մարգարյանի նախընտրական գրքույկները, ՀՀԿ-ի նախընտարական պաստառով դրոշներն էլ բաժանել էին երեխաներին: Ընդ որում` նախընտրական քարոզարշավը վարում էր հաղորդավար Արտավազդ Ամիրյանը:

Վերջինս նկատելով Տարոն Մարգարյանի ժամանումը` Կենտրոնի բնակիչներին կոչ արեց ջերմությամբ  ողջունել Երևանի քաղաքապետին: Բնակիչները, որոնք հավաքված էինք իրենց անբարակարգ բակում՝ շենքի կեղտոտ մուտքի մոտ, ծափահարում էին քաղաքապետի ժամանման առթիվ:

Տարոնն Մարգարյանն էլ՝ դիմելով բնակիչներին, ասաց, որ եկել է իր 4 տարիների համար հաշվետու լինելու համար: «Այս 4 տարիների ընթացքում մենք կարողացանք հազարավոր խնդիրներ լուծել, հազարավոր ծրագրեր կյանքի կոչել, հազարավոր ծրագրերի սկիզբ դնել, բայց դա չի նշանակում, որ Երևան քաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում դեռ չկան խնդիրներ, դեռ մնացել են հազարավոր խնդիրներ»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Կարդացեք նաև

«Մենք եկել ենք հաշվետու լինելու, որ ինչ ենք արել այս 4 տարիներին: Օր ու գիշեր աշխատանքի, սրտացավ աշխատանքի, հետևողականա աշխատանքի  շնորհիվ կարողացել ենք մեր բոլորիս սիրելի Երևանը օր օրի գեղեցկացնել, օր օրի սիրունացնել, օր օրի բարեկարգել, բայց դա չի նշանակում, որ դեռ չկան անելիքներ: Դեռ կան անելիքներ, և եկել ենք խնդրել ձեր վստահության քվեն»,- նշեց Տ. Մարգարյանը:

Ի դեպ, նա այդպես էլ չպատասխանեց լրագրողներին, փոխարենը ասաց, որ լրագրողները խանգարում են քարոզարշավն իրականացնելուն: «Չե՞ք տեսնում, որ բնակիչների հետ եմ շփվում»,- բավական նյարդայնացած ասաց Տ. Մարգարյանը, ով մի բնակչի հուզված դիմում-խնդրանքը լսելուն զուգահեռ քայլում էր դեպի իր ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս