
«The Beautified Project» ռոք խումբը հանդես կգա համերգով

Ապրիլի 24-ին և 25-ին Ուլիխանյան ակումբում «The Beautified Project» ռոք խումբը հանդես կգա համերգով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը։
«Մենք ամեն տարի ապրիլի 24-ին համերգ ենք ունենում` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչո՞ւ հենց այդ օրը. Ցեղասպանության նպատակն էր վերացնել մի ազգ, ազգի արմատները, իր մշակույթը, իսկ մշակույթի կարևոր մասն է կազմում երգարվեստը։ Մենք ուզում ենք հենց այդ օրը` հնչեցնելով մեր երգարվեստը, ևս մեկ անգամ նշել այն փաստը, որ թշնամին իր նպատակին չի հասել»,- մանրամասնում է Անդրեն։
Համերգին կհնչեն խմբի երգերը` մեղմ ակուստիկ ֆորմատով։ Հարվածային գործիքը և բաս կիթառը փոխարինվելու են թավջութակով։ Կհնչեն նաև այն երգերը, որոնք շատ երկար ժամանակ է՝ խումբը չի կատարել։
Նշենք, որ բեմում ռոք խմբի հետ միասին լինելու է նաև թավջութակար Ալեքս Միրզոյանը. «Նա շատ լավ ճաշակով թավջութակահար է և շատ լավ մարդ, ում հետ մենք արդեն երկու տարի աշխատում ենք»,- ավելացրեց Անդրե Սիմոնյանը։