Բաժիններ՝

Տուժող կողմը պահանջում է բժիշկներին քրեական պատասխանատվության ենթարկել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի ողբերգական մահվան փաստով: Հետաքննության շրջանակներում բացատրություններ են տվել երիտասարդի ծնողներն ու կինը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, երիտասարդը որովայնի, գուցե կույր աղիքի շրջանում «մի փոքր ցավեր է ունեցել», ապրիլի 2-ին դիմել է Մասիսի բժշկական կենտրոն և այն էլ այն պատճառով, որ երիտասարդը տառապում էր դեղորայքային ալերգիայով և չէր կարող որևէ դեղահաբ ընդունել:

Ըստ տուժող կողմի՝ հիվանդանոցում որևէ գործիքային հետազոտում չի անցկացվել, բժիշկը պարզապես ձեռքով զննել է հիվանդին, կասկած հայտնել, որ ցավերը կարող են լինել սննդային խնդիրների հետևանք: Ըստ տուժող կողմի ունեցած տեղեկությունների՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը բարալգետասի ներերակային ներարկում է արել: Երիտասարդը վերադարձել է տուն՝ հուսալով, որ երևի ամեն ինչ կկարգավորվի, սակայն ցավերը գիշերը կրկնվել են: Նա նորից է գնացել հիվանդանոց, որտեղ էլ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել է՝ անաֆիլակտիկ շոկից: Ըստ մահվան վկայականի՝ մահվան պատճառը սրտի պսակաձև անոթի արյան շրջանառության խանգարումն է:

Տեսնելով, որ Ցոլակը չի պատասխանում հեռախոսազանգերին, երիտասարդի հարազատները գնացել են հիվանդանոց և վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել նրա դիակը:

Կարդացեք նաև

Տուժողի կնոջ վկայությամբ, իր ամուսինը բժշկին ասել է, որ դեղորայքային ալերգիա ունի, թեև ներկայումս հիվանդանոցի բուժանձնակազմի շրջանում հակառակ պնդումներն են շրջանառվում: Մահացած երիտասարդի հարազատները մտավախություն ունեն, որ կարող են կեղծվել դեպքի տվյալները, և բժիշկները կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից: Կողմը թերահավատ է նաև ներկայումս կատարվող դատաբժշկական փորձաքննության հարցում՝ դատաբժիշկները չեն կարող անկողմնակալ լինել, երբ հարցը վերաբերվում է գործընկերներին:

Տուժող կողմը պահանջում է, որպեսզի մահվան փաստով քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի և բժիշկները քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս