Բաժիններ՝

ԿԲ-ն` ընդդեմ դոլարայնացման

Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց և սահմանել այն 4%՝ գործող 8%-ի փոխարեն:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում վարկերի միջոցով իրականացված ներդրումներն ուղղվել են առավել արտադրողական` արդյունաբերության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության ճյուղեր: Արտադրողական ճյուղերին տրամադրվող վարկերը, ի տարբերություն պահանջարկը խթանող վարկերի՝ հանգեցնում են ՀՆԱ-ի ներուժի աճի և չեն ձևավորում գնաճային ճնշումներ:

Խորհուրդը կարևորում է նման վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը:

Խորհուրդը գտնում է, որ այս փոփոխությունն իր հերթին կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը և պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը:

Կարդացեք նաև

Այս քայլով կենտրոնական բանկը տնտեսության համար ավելի դյուրին պայմաններով վարկերի նկատմամբ պահանջարկի բավարարմանը զուգահեռ կիրականացնի ապադոլարայնացման հերթական միջոցառումը:

Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 12-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս