Մհեր Ենոքյան կամ՝ մի ցմահ բանտարկյալի ճիչը
Սույն հոդվածը հրատարակվել է ֆրանսերեն «Նուվել դ’Արմենի» ամսագրում (թիվ 193, փետրվար, 2013)։ Թարգմանությունը հրատարակվում է առանց ծանոթագրությունների։
2011 թ. մայիսի 23-ին Հայաստանի պատգամավորները ընդունեցին Քրեական Օրենսգրքի (ՔՕ) բարեփոխումը, ըստ որի ազատազրկման առավելագույն ժամկետը տասնհինգ տարուց դարձավ քսան (ՔՕ 59 հոդված): Այս օրենսդրական փոփոխությունն արդարացվել էր նրանով, որ այսպիսով դատավորին հնարավորություն է տրվում գտնել միջանկյալ պատժամիջոց, ծանր ցմահ ազատազրկման (ՔՕ 60-րդ հոդվածով), և թեթև համարվող տասնհինգ տարի ազատազրկման միջև: Այսպիսով դատավորն այլևս պարտավորված չի զգում դատապարտել ցմահ ազատազրկման՝ ընդամենը տասնհինգ տարվա բանտարկության չդատապարտելու համար: Տրամաբանորեն նախկին որոշ մահապատժի դատապարտվածները, որ դարձան ցմահ ազատազրկվածներ, երբ 2003 թ. մահապատիժը վերացվեց, և 2003-2011 թթ. որոշ ցմահ ազատազրկվածներ կարող էին ստանալ այս քսան տարվա պատիժը, եթե այն նախապես գոյություն ունենար և չդառնային ցմահ բանտարկյալներ՝ de facto զրկված լինելով երբևէ ազատվելու հնարավորությունից: Տրամաբանական է նաև, որ 2011 թ. դատական բարեփոխման հետ, ցմահ բանտարկյալներ սկսեցին ներկայացնել իրենց գործերի վերանայման հայցեր : Նրանց թվում է Մհեր Ենոքյանը:
Մհեր Ենոքյան
Տասնյոթ տարի առաջ, 1996 թ. նոյեմբերի 29-ին, բժիշկների ընտանիքի զավակ, Երևանի բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող քսանամյա Մհեր Ենոքյանը դատապարտվել է համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով: Հանցագործությունն իբր կատարվել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Մհեր Ենոքյանը, որը միշտ ժխտել է իր մեղքը (նա ասում է, որ ընդամենը վկա է եղել այդ հանցագործությանը, որը կանխարգելել չի կարողացել), դատապարտվել է մահապատժի, որն էլ փոխվել է ցմահ բանտարկության 2003 թվականին, երբ մահապատիժը վերացավ: Մինչդեռ Արամ Հարությունյանը, որն, իրեն մեղավոր է ճանաչել, ստացել է տասնհինգ տարվա ազատազրկում (նա երկու տարի առաջ ազատ է արձակվել՝ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո):
Անցավ տասնյոթ տարի։ Այժմ արդեն երեսունյոթամյա Մհեր Ենոքյանը գտնվում է Նուբարաշենի բանտի վերջին հարկում, հարյուր այլ ցմահ ազատազրկյալների հետ, որ փտում են այնտեղ անմխիթար պայմաններում։ Մհերը տարբերվում է մյուսներից մի քանի առումներով։ Նա շարունակ պնդել է իր անմեղ լինելը, դարձել է իր բախտակից բանտարկյալների խոսնակը լրատվամիջոցների միջոցով, գրում է սեփական պատկերազարդումներով պատմվածքներ, որոնք հրատարակվեցին 2011-ին, երկու անգամ բանտից փախուստի փորձ է արել (2004-ին և 2009-ին), որն անկախ Հայաստանի բանտային պատմության մեջ եզակի դեպք է, և վերջապես, պատճառ է հանդիսացել օրենսդրական փոփոխության, ընդունված 2011 թ., ըստ որի բանտարկյալին թույլ է տրվում նվիրաբերել իր օրգանները հարազատներին, որը նախկինում արգելված էր:
Առաջին օգնություն (2010 թ.)
2010 թվականի սկզբին, տասնչորս տարվա խավարից և միայնությունից հետո, վերջապես մի լույսի շող: Այդ առաջին բացված պատուհանի անունը Ավետիք Իշխանյան է: Հայաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտեի նախագահն այցելեց Մհեր Ենոքյանին, երբ վերջինս իր երկրորդ ձախողված փախուստից հետո փորձել էր ինքնասպան լինել՝ կտրելով իր կոկորդը, և դեռ ապաքինվում էր՝ կապված իր մահճակալին և սնվելով խողովակի միջոցով: Նա «Բռնեց ձեռքս և խոստացավ անել հնարավորը արդարությունը վերականգնելու համար»,- պատմում է Մհերն իր գրքում: Ավետիք Իշխանյանը խոստումը կատարում է, և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեվազյանին տալիս նրա գործը:
Դարձյալ 2010-ին, մի երկրորդ պատուհան է բացվում, այս անգամ շնորհիվ Վահան Իշխանյանի ու Վիոլետ Գրիգորյանի, ովքեր լույս են ընծայում նրա «Իրական պատմությունը» իրենց «Ինքնագիր» գրական բլոգում։ Հաջորդ տարի «Թաքնված հրեշտակները» պատմվածքով ցմահ բանտարկյալը մասնակցում է «Անտարես» հրատարակչության կողմից կազմակերպված «Լավագույն պատմվածք-2011» մրցույթին (antares.am):
Մի քանի ամիս անց, արդէն 2011-ին, Մհերը հայտնվում է «Վան» ռադիոալիքի ուղիղ եթերում, մի աներևակայելի ու աննախադեպ փորձ, որից հետո բացում է իր սեփական բլոգը (mherblog.do.am), որտեղ 2011 թ ապրիլի 14-ից հրատարակում է մի շարք ռուսերեն նամակներ:
Սրանց ավելանում է Զարուհի Մուրադյանի (նկարչուհի, նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը) և Զարուհի Մեջլումյանի (ռադիոլրագրող) քաղաքացիական նախաձեռնությունը: Այս երկու կանանց էներգիան, որով նրանք պայքարում են բոլոր մակարդակներում՝ հասարակությանը իրազեկելու, որ կա լրջագույն խնդիր, թվում է անսպառ (նամակներ, դիմումներ, ֆիլմեր, հանդիպումներ, մամուլի ասուլիսներ, գեղարվեստական միջոցառումներ, Մհերի առաջին գիրքի հրատարակման համար ջանքեր…):
Այսպիսով 2010-ից շատ բան փոխվեց: Մարդիկ սկսում են ճանաչել Մհեր Ենոքյանին և հետաքրքրվում ցմահ բանտարկյալների հարցով: Ստեղծվում է աջակցության ոչ ֆորմալ շարժում: Սկսվում է ձևավորվել հասարակական կարծիքի ալիք:
Վերաքննման հայցի մերժումը
2012թ. հոկտեմբերի 9. առաջին ատյանի դատարանը մերժում է Մհեր Ենոքյանի գործի վերանայման դիմումը: 2012թ. դեկտեմբերի 3. Վերաքննիչ դատարանը Նուբարաշենի բանտում պետք է քննի առաջին ատյանի որոշումը: Անցնելով քայքայված միջանցքներով՝ մտնում ենք դատական նիստերի դահլիճ, որը կարծես ռմբակոծության ենթարկված լինի։ Դիմացի պատին կախված է մեծ, կարմիր թավշյա մի վարագույր, որին փակցված է Հանրապետության զինանշանը: Կոտրտված հատակին շարված խարխուլ աթոռներին նստած ենք մենք՝ տաս հոգուց պակաս մարդ. լրագրող Զարուհի Մեջլումյանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, գրող և արվեստաբան Արծվի Բախչինյանը, բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, «Ա1+» -ից լրագրող, Մհերի մայրը ու եղբայրը, և ես:
Մեր դիմաց, ձախից աջ, բեմին նստած են դատախազն ու նրա գործակիցը, դատավորը ու նրա գործակիցը, և Մհեր Ենոքյանն ու նրա փաստաբանը: Աջ անկյունում, մի մեծ երկաթյա վանդակ է, դուռը՝ բաց: Կեսօր է: Փաստաբանի խոսքին հաջորդում է Մհերի ելույթը: Տասնյոթ տարվա մեջ նա առաջին անգամ հնարավորություն ունի մանրամասն խոսել իր գործի մասին (դատական առաջին ատյանին նա ներկա չէր): Հիմնական փաստարկն այն է, որ մի ընթերական, որը տասնյոթ տարի առաջ ստորագրել էր սպանության գործիքներն արձանագրելիս, չկա: Երբեք էլ գոյություն չի ունեցել: Այսինքն, կա մի նոր հանգամանք, որը բավարար պատճառ է գործի վերանայման և նախաքննության վերսկսման համար, մանավանդ որ բնորոշ է այս գործի բոլոր իրավախախտումներին (այն ժամանակ չի արվել քննչական փորձարարություն, դատարան չի կանչվել Արամ Հարությունյանի քույրը, որը դեպքի անմիջական վկան է եղել, և վերջապես, նախաքննությունն անտեսել է բազում նյութական անհամատեղելիություններ և Արամ Հարությունյանի ցուցմունքների փոփոխությունները): Այնուհետեւ Մհերը, որոշ փաստեր ներկայացնելով, հիշեցնում է, որ միշտ հերքել է իր մեղքը:
Եվ վերջապես նա հայտնում է հանցագործության իրական շարժառիթը, որը ոչ թե ավազակային քայլ է եղել, ինչպես ասվել էր, այլ դրդված կրոնական ու ազգային ատելությամբ։ «Իրական դրդապատճառը պիտի չհայտարարվեր, որ չասվեր, թե Հայաստանում կարող են ինչ-որ մեկին սպանել հրեա լինելու համար: Այն ժամանակ, երբ ես ասում էի, որ Արամը, ով այս հանցագործության միակ հեղինակն է, ատելությունից կուրացած է, ինձ ասում էին, որ բերանս փակեմ: Ինչպե՞ս հայը կարող է հրեայի սպանել պարզապես հրեա լինելու պատճառով: Այս ճշմարտության մասին պիտի չխոսվեր»: Դատախազի պատասխանը կարճ է: Ըստ իրեն, ընթերակայի հետ կապված նորությունը, այսինքն՝ դատական գործընթացի անկանոնության փաստը, նոր հանգամանք չի համարվում, որը պատճառ հանդիսանա գործի վերանայման անհրաժեշտության: Հետեւաբար նա խնդրում է դատարանին հաստատել առաջին ատյանի դատավճիռը:
Ժամը 13:45-ն է, երբ դատարանը գնում է վճիռ կայացնելու: Քառորդ ժամ անց, նրա պատասխանը կացնի հարվածի պես է իջնում, հաստատելով առաջին ատյանի դատավորի որոշումը` գործը վերանայելու հիմքեր չկան:
Ցմահ բանտարկյալի ճիչը
Եթե դատավորն ինքը խուլ է, գուցե իշխանություննե՞րն այդպիսին չեն և կլսե՞ն ցմահ բանտարկյալի ճիչը։ 2010 թ. դեկտեմբերի 20-ին Մհեր Ենոքյանը, Lragir.am-ի միջոցով «Ես մարդ չեմ սպանել» խորագրով մի երկար նամակ է ուղղում բարձրագույն իշխանություններին և հանրապետության քաղաքացիներին: Նա դատապարտում է այն հանգամանքները, որոնց արդյունքում 2003-ին մահապատիժը ներմամբ փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Ռ. Քոչարյանն իրավունք չուներ մահապատժի դատապարտվածներին, այն էլ՝ ներման միջոցով ցմահ ազատազրկման դատապարտել»: Դրանով,- ասում է նա,- «օրենքը խախտվել է, այն էլ’ կոպիտ ձևով»: Նա նաև բացատրում է, որ տաս-տասնհինգ գործում, այդ թվում՝ իրենը, ցմահ ազատազրկման դատավճիռներն արդարացի չեն, որ դրանք զուտ դատական սխալների հետևանք են: Նամակն ավարտում է արդարությունը վերականգնելու աղաչանքով:
2012 թ. սեպտեմբերի 7-ին, Մհերը մի ուրիշ հոդված է հրատարակում «Հրապարակ» թերթում, որտեղ նա որպես մեկ այլ ցմահ բանտարկյալի՝ Սողոմոն Քոչարյանի փաստաբան է հանդես գալիս: Սա մի ճշմարտության լիաթոք ճիչ է. «Մեր բանտերը լիքն են քավության նոխազներով, չափազանցված ու սխալ պատիժ կրողներով, զինվորականներով, ազատամարտիկներով: Ուզում եմ ձեզ պատմել Սողոմոն Քոչարյանի մասին, ով, որպես հետախույզ, մասնակցել է Շուռնուխի մարտերին, երկու անգամ վիրավորվել ռազմի դաշտում, նորից վերադարձել ու կռվել ադրբեջանցիների դեմ: 1995 թ. մեղադրվել է Իրանի քաղաքացի Միրզաբեկ անունով ազգությամբ ադրբեջանցու սպանության մեջ: Դատապարտվել է մահապատժի (այժմ՝ ցմահ ազատազրկման)»։ Մհերը համոզված է Սողոմոն Քոչարյանի անմեղության մեջ: Պայքարելով սեփական դատավճռի վերանայման համար՝ նա պայքարում է նաև ուրիշների դատավճռի վերանայման համար, մասնավորապես, Սողոմոն Քոչարյանինը՝ ցանկանալով ստեղծել որևէ նախադեպ:
Վերջապես, դեկտեմբերի 21-ին, դարձյալ «Հրապարակում» Մհերը պատմում է դեկտեմբերի 3-ի իր Վերաքննիչ դատարանի որոշման մասին՝ նշելով, որ այդ օրվա միակ դրական բանն այն էր, որ դատավորը համաձայնեց նրան վանդակից դուրս թողնել, ի պատասխան իր դիմումի հիմնված բանտարկյալների արժանապատվության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների վրա: Նա նորից նշեց, որ Հայաստանի բանտերը լի են անմեղ մարդկանցով և թե ինչքան կարևոր է քաղաքացիական հասարակության դերը բանտարկյալների պայքարին աջակցելու գործում՝ հոդվածի վերջում մաղթելով, որ Հայաստանը դառնա օրինապաշտ երկիր:
Ամփոփում
«20 տարեկան էի, սովորում էի Բժշկական համալսարանում, ցանկանում էի ապրել: Ես ասացի, որ փորձել եմ փրկել ընկերոջս կյանքը, երբ մյուսը (Արամ Հարությունյանը), սպանում էր նրան: Բայց նրանք (այսինքն` ոստիկանները, քննիչները, դատավորները) ինձ չէին լսում, աչք էին փակում անգամ փաստերի վրա: Այս տասնհինգ տարիների ընթացքում իմ ընտանիքը և ես պայքարում ենք արդարությանը հասնելու համար, սակայն ապարդյուն»,– գրում է Մհեր Ենոքյանը 2011 թ-ին լույս տեսած իր գրքի նախաբանում: Երկու տարի անց պայքարը դեռ շարունակվում է, և դեռ ապարդյուն:
Մինչև ե՞րբ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, կալանավայրերի ղեկավար Հայկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի (որը տնօրինում է բուրգի գագաթը եւ բոլոր լծակները) ականջները խուլ պիտի մնան Մհեր Ենոքյանի և նրա ընտանիքի, մյուս ցմահ ազատազրկյալների, մարդու իրավունքների պաշտպան միությունների, քաղաքացիական խմբերի և ձևավորվող հասարակական կարծիքի կոչերի դեմ:
Մինչդեռ առաջին անգամ Երեւանում տեղի ունեցած, ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը (2012 թ նոյեմբերի 21-22), մի քանի օր անց տեղի ունեցավ դերասաններ Վարդան Պետրոսյանի և Կարինե Ջանջուղազյանի հատուկ մասնակցությամբ գեղարվեստական միջոցառումը՝ հանուն Մհեր Ենոքյանի գործի՝ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում (որը տրամադրվեց անվճար թատրոնի ղեկավարության կողմից), Մհերի ընդունվելը Երեւանի Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ իր դատապարտումից ճիշտ տասնվեց տարի անց, ինչպես նաև իր երկրորդ գրքի մոտալուտ հրատարակումը, անշուշտ, այս ճիչի մեծացող ազդակներ են, որ այլևս չեն լռելու: Մհերը դա լավ էր զգում, երբ սեպտեմբերի 7-ի իր հոդվածը ամփոփեց այսպես. «… տեսնում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, անտարբերությանը ՈՉ ասող մարդիկ համախմբվում են մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ: Կա արդարության պահանջ»: Նաև իր վերջին հոդվածում ավելացնում է, «Ամեն նոր ակցիայի հետ տեսնում, զգում, հասկանում եմ, որ մենակ չեմ պայքարում արդարությանը հասնելու համար»:
Ճիշտ է, Մհերը և մյուս ցմահ բանտարկյալներն այսուհետ մենակ չեն:
ՍԵԴԱ ՄԱՎՅԱՆ
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈՆ