Լուրջ ներքաղաքական գործընթացներ կսկսվեն 2015 սեպտեմբերի 21-ից հետո

Լուրջ ներքաղաքական գործընթացներ կսկսվեն 2015 սեպտեմբերի 21-ից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ, եթե «չլինի հեղափոխություն վերևից, կլինի հեղափոխություն ներքևից»: «Դեռ երկու տարի ժամանակ կա: Իշխող քաղաքական ուժերը պետք է օգտվեն այս ժամանակից, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերին էլ սա պետք է հուշի, որ եթե նրանք չմիավորվեն, առանձին-առանձին ոչինչ անել չեն կարող»,- նշեց նա: Իսագուլյանը չցանկացավ բացել չակերտները, թե ինչից ելնելով է ներքաղաքական գործընթացների զարգացումը կապում 2015 թվականի հետ, բայց վստահեցրեց, որ հաշվարկների հիման վրա է հայտարարում այդ մասին:

Անդրադառնալով ՀԱԿԿ համագումարին և մասնավորապես ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ձևավորվեց քաղաքական նոր կուսակցություն, որը նրա խոսքով, դեռ 88 թվականից ակնհայտ երևում էր: Նա ասաց, որ ՀՀՇ-ն իր գործունեությամբ հայ իրականության մեջ մեծ դերակատարում է ունեցել ու ամենակայացած քաղաքական կազմավորումներից մեկն է, բայց «Հայոց համագային շարժում անունը բեռ էր իրենց համար»: Նրա կարծիքով, ժամանակն էր, որ ՀՀՇ անունը փոխվեր՝ դրանով փոխելով հոգեբանական ընկալումները. «ՀԱԿ դաշինքը, որպես շարժում, երկար պահելը անհնար էր լինելու: Իսկ կուսակցությունը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական դաշտում»:

Բանախոսն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը և նշեց, որ նախագահական ընտրություններից հետո մինչև չձևավորվի նոր կառավարություն, արտաքին քաղաքականությունը ամբողջ ուժով չի գործի: Ըստ նրա՝ խոսել արտաքին քաղաքականության մասին, երբ կառավարության կազմը որոշված չէ, դեռ վաղ է: Բայց, Իսագուլյանի հավաստմամբ, Հայաստանը տարիներ շարունակ վարել է բամզավեկտոր քաղաքականություն` ելնելով աշխարհագրական դիրքից,արտաքին քաղաքական ասպարեզում ծառացած խնդիրներից և խնդիրներ չի ունենա, եթե պաշտպանի բազմաշերտ քաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս