Վահագն Խաչատրյան. Եթե ոստիկանապետը լիներ այն ժամանակվանը, Մարտի 1-ը կկրկնվեր

168.am-ը ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի ավագանու  ընտրություններին ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ՀԱԿ-ը, որ միշտ հայտարարում է, թե ժողովրդի կողքին է, ինչո՞ւ ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում չմիացավ ժողովրդին:

«Ուշադիր նայեք բոլոր ձայնգարությունները և կտեսնեք, որ ՀԱԿ-ի երիտասարդների մեծ մասը, և ընդհանրապես՝ ակտիվ քաղաքական գործիչների մեծ մասը գտնվել են Բաղրամյան պողոտայում: Վահագն Խաչատրյանը չի եղել Բաղրամյան պողոտայում, ճիշտ եք, բայց Վահագն Խաչատրյանը և Կոնգրեսի այլ քաղաքական գործիչներ շատ լավ տեղյակ են եղել, թե ինչ էր կատարվում այնտեղ: Մի մասը մոտ է եղել, մի մասը Կոնգրեսի գրասենյակում է եղել:

Մենք ուրիշ խնդիր ունեինք` մենք ընդհանրապես տեղյակ չէինք, թե ի՞նչ է ցանկանում անել «ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե ինքը, իսկապես, ներկայացներ գործողությունների ծրագիր, մենք մեր տեսակետը կհայտնեինք և այդ շրջանակներում մասնակցելու կամ չմասնակցելու հետ կապված որոշում կընդունեինք»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Հարցին, թե իր համար զարմանալի՞ էր  այդ օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ աղոթքը, նա պատասխանեց. «Ինձ համար կարող է ընդհանրապես զարմանալի թվալ այն, ինչ տեղի է ունեցել: Ինձ համար անհասկանալի էր տեղի ունեցող ամեն ինչը: Հիմա ուղղակի պետք է արձանագրենք այն, ինչ տեղի է ունեցել»:

Կարդացեք նաև

Վ. Խաչատրյանի խոսքով` այդ օրը գործողությունների հստակ ծրագիր չկար: Նա նաև նկատեց, թե կարող է մարտիմեկյան սցենարը կրկնվել, բայց նաև ընգդծեց, որ ոստիկանության փոփոխությունն իր դերն ունեցել է` ավելի համբերատար է դարձել:

«Ես չեմ ուզում ուժի կիրառումն արդարցնել. երիտասարդների ձեռքերը քաշելը, Արմեն Մարտիրոսյանի հետ կապվածը: Ինձ համար անընդունելի է, որովհետև Արմեն Մարտիրոսյանն այն մարդը չէ, որ ավելորդ տեղը լարվածություն է առաջացնում: Ինքը միշտ եղել է այն կետերում, որ ավելի հանգստացնող է եղել: Ես այդպես գիտեմ իրեն:

Կարծում եմ` մի փոքր լարվածություն, ավելորդ դժգոհություն կար իրար նկատմամբ, և եթե ոստիկանության կողմից ավելի հիմնավորված բացատրվեր, թե ինչո՞ւ չի կարելի Բաղրամյան բարձրանալ, ես չեմ կարծում, թե  հավաքված մարդիկ իրենց թույլ կտային դա»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Իսկ հարցին, թե ոստիկանապետի միանալը Րաֆֆի Հովհաննիսյանին, բախումներից խուսափելո՞ւ ճանապարհ էր, Վ. խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ, ճիշտ եք նկատում, ես հենց դա նկատի ունեի. եթե ոստիկանապետը լիներ այն ժամանակվանը, Մարտի 1-ը կկրկնվեր: Չեմ ուզում գովաբանողի դերում լիներ, ուղղակի օբյեկտիվորեն գնահատական կտամ` ոստիկանապետը եկել էր այնտեղ, որպեսզի իրավիճակը չսրվեր: Նա իր գործողություններում էլ այդպիսին էր, և, ի վերջո, հանգուցալուծում գտավ` Բաղրամյան պողոտան բացեցին և մարդիկ գնացին: Մինչև Մարտի 1-ը և Մարտի 1-ից հետո Ազատության հրապարակն ազատագրելը, նույնիսկ դրանից հետո՝ մեր հանգամանքներում, այդպես չի եղել: Ավելի շատ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծողներ են եղել»:

Տեսանյութեր

Լրահոս