Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նշում է իր 13-րդ համագումարը
Այսօր մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը, որի ընթացքում կերկայացվեցին ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:
Համագումարի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի և կապի փոխանախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, արդյունաբերողների և ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ, միության անդամներ և հյուրեր:
ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը ներկայացրեց միության խնդիրներն ու առաջնահերթությունները: Որպես գլխավոր խնդիրներից մեկը նա նշեց մասնագետների պակասը՝ մատնանշելով, որ այս ոլորտի ծավալների աճը պայմանավորված է հենց կադրերի և մասնագետների քանակով, քանի որ բազմաթիվ ընկերություններ ցանկություն են ունենում ներայացված լինել Հայաստանում, իրենց գրասենյակները բացել և եթե կադրեր լինեն, ապա ոչ միայն նրանք կգան Հայաստան, այլև հենց տեղական ընկերություններում բազմաթիվ նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր կստեղծվեն:
ԻՏՁՄ նախագահի խոսքով՝ ՏՀՏ ոլորտը բուռն զարգացում է ապրում և այն կարող է աշխատանքի վերցնել մոտ 2000 մասնագետի, իհարկե, դրանց առկայության պարագայում:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ տարիների ընթացքում ավելացել է ոչ միայն անդամների թիվը (որոնք սկզբում ընդամենը 6-ն էին, իսկ հիմա 60-ից ավելի), այլ նաև հնարավորությունը հանդիպելու տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ և միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները:
«Մենք նպատակ ունենք մինչև այս տարեվերջ մեր միության անդամների թիվը հասցնել 70-ի: Միության անդամների թվի ավելացումը հնարավորություն է տալիս առավել լավ տեղեկացված լինել ոլորտի խնդիրներին ու մասնավոր հատվածին մտահոգող հարցերին և դրանց համար լուծումներ գտնել»,- ասաց Կ. Վարդանյանը:
Տեղեկացնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա:
ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Միության անդամների թիվը 2013թ. ապրիլի 12-ի դրությամբ հասել է 61-ի:
Միության անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Արմռոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը և այլն:
Հավելենք, որ այսօր երեկոյան տեղի կունենա միության վարչության անդամների ընտրությունը: